Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը հաջորդ տարի կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
Տուսկը, ով Լեհաստանի նախկին վարչապետն էր, լեհական TVN24 հեռուստատեսությանը տված հարցարզույցում նշել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Նահանգները անցած տարիներին աջակցել են իրեն Ռուսաստանի ռազմական ագրեսիային պատժամիջոցներով պատասխանելու հարցում, և կարծիք է հայտնել, որ հունվարին դրանք հերթական անգամ կերկարաձգվեն 6 ամիս ժամկետով: Եվրոպական խորհրդի նախագահը միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելու հանգամանքը կարող է դժվարացնել հետագայում պատժամիջոցների երկարաձգումը:
«Կարծում եմ, որ ընտրություններից և Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ավելի դժվար կլինի պահպանել Արևմուտքի այդ միասնական, աներկբա դիրքորոշումը Ռուսաստանի վերաբերյալ», - նշել է Տուսկը:
Իր քարոզարշավի ընթացքում Թրամփը հանդես է եկել Ռուսաստանի հետ ԱՄՆ հարաբերությունները կարգավորելու օգտին: