Սերժ Սարգսյանն ընդունել է Էդվարդ Նալբանդյանին

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքներն ու ձեռքբերումները, այդ թվում՝ օրերս Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովում կայացված որոշման համաձայն Հայաստանի կողմից միջազգային հեղինակավոր այդ կազմակերպության նախագահության ստանձնումը, ինչպես նաև գագաթնաժողովի եզրափակիչ բանաձևում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցության ամրագրումը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, գագաթնաժողովն ամենաբարձր մակարդակով նախապատրաստելու և անցկացնելու ուղղությամբ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել Նալբանդյանին՝ ընդգծելով, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը շատ կարևոր է երկրի արտաքին հարաբերություններն արդյունավետ կառուցելու համար:

Նալբանդյանը զեկուցել է նաև առաջիկայում Հայաստանի մասնակցությամբ միջազգային կազմակերպություններում տեղի ունենալիք մի շարք հանդիպումներում՝ Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված արտգործնախարարների հավաքում, ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱԳ նախարարական «Հաստատակամ աջակցություն» առաքելությունում, Փարիզում կայանալիք «Բաց կառավարման գործընկերության» գագաթնաժողովում, Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարական հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին:

Նախագահը նախարարի ուշադրությունն է հրավիրել Փարիզում նախատեսված դեսպանների ավանդական հանդիպմանը դիվանագետներին տրվելիք հանձնարարականների վրա՝ ուղղված հատկապես տնտեսության բնագավառում հետևողական և ակտիվ աշխատանքին՝ նկատի առնելով կառավարության նոր ծրագիրը և մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումները:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է Էդվարդ Նալբանդյանին հաջորդ դեսպանահավաքն անցկացնել Հայաստանում՝ ՀՀ բոլոր դեսպանների մասնակցությամբ: Նախագահն իր մոտեցումներն է ներկայացրել տնտեսական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ աշխատանքի վերաբերյալ: