Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակը հերքում է ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկությունը, թե հայկական կողմը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղի ունեցած մարտերի ընթացքում տվել է 1 զոհ, ևս 9 հոգի էլ վիրավորվել են: Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ նախօրեին 2 հայ զինծառայողներ վիրավորվել են:
Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը, 2 օր առաջ Ղարաբաղից Երևան տեղափոխված զինծառայողների վիճակը ներկայումս կայուն ծանր է: 19-ամյա ժամկետային զինծառայող Կարապետ Միքայելյանը ստացել է գլխի թափանցող վիրավորում, իսկ 24-ամյա պայմանագրային զինծառայող Քաջիկ Բադալյանը՝ որովայնի թափանցող գնդակային վիրավորում, վնասվել են նրա աղիները, ինչպես նաև աջ ազդրը:
Թե ինչ հանգամանքներում են վիրավորել 2 զինծառայողները, ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունները չեն հաղորդում: Ուշագրավ է նաև այն, որ նշված զինծառայողները վիրավորվել են մոտ 3 օր առաջ, սակայն, այդ մասին պաշտոնական որևէ տեղեկություն չի հրապարակվել: Պաշտպանության նախարարի խոսնակը «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ տվյալ պահին գտնվում է հայ - ադրբեջանական սահմանին, որտեղ իրավիճակը հանգիստ է:
«Ազատության» հարցին՝ ինչ պայմաններում են վիրավորվել զինծառայողները, Հովհաննիսյանն արձագանքեց՝ «Ի՞նչ ասել է՝ ինչ պայմաններ, այսինքն, մարտական գործողությունների և կրակոցների մանրամասները ներկայացնե՞նք, տենց չի լինելու»: Հարցին՝ արդյո՞ք զինծառայողները վիրավորվել են դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս, ՊՆ խոսնակը պատասխանեց՝ «Ոչ, կրակոցներ են եղել»: Հայկական կողմի կորուստների մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների առնչությամբ էլ ՊՆ խոսնակը նշեց՝ «Ադրբեջանը նման լուրեր է տալիս, որովհետև, ցավոք, մենք ներսում ունենք մարդիկ, որոնք օգնում են ադրբեջանական քարոզչությանը»:
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը նույնպես չցանկացավ ասել, թե ինչ հանգամանքներում են վիրավորել զինծառայողները, ընդգծելով՝ «Ամեն ինչ չէ, որ պետք է ասենք, թե ինչ է եղել, ոնց է եղել»: «Թաքցնելու նպատակ չկա, ինչի՞ համար պետք է թաքցնենք, օրինակ: Դուք պատկերացնու՞մ եք Ադրբեջանում ոնց է վիճակը․ եթե որևէ մեկն առանց իրենց պաշտպանության նախարարության համաձայնության տեղեկատվություն տա, դատվում է:
Ամեն ինչի մեջ չպետք է փնտրել ինչ-որ մի բան և սարքել այդպիսի մի պատմություն, սերմանել անվստահություն իշխանությունների և բանակի նկատմամբ: Չե՞ք հասկանում, որ դա ճիշտ չէ, որ դա վտանգավոր է․․․եթե դուք իրոք մտածում եք բանակի մասին, փառք ձեզ, եթե ինչ որ մեկը մուտիլովկա է անում, Աստված իր առջև բերի էդ ամենը»,- հավելեց Դավիթ Բաբայանը:
Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան հատվածում, որտեղ, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետ: Ընդհանուր առմամբ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հայկական կողմը կորուստ չի ունեցել: Այս դեպքում ևս վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվում: