ԵՄ տեղական հայտարարությունը Հայաստանում ընտրական բարեփոխումների վերաբերյալ

Եվրոպական միության պատվիրակությունը ԵՄ անդամ պետությունների Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ հայտարարություն է տարածել Հայաստանում ընտրական բարեփոխումների վերաբերյալ:

«Ի հետևումն իշխող կոալիցիայի և ընդդիմադիր կուսակցությունների միջև ընտրական բարեփոխումների ուղղությամբ ձեռք բերված համաձայնության իրականացման կարևոր առաջին քայլերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած խորհրդակցությունների՝ ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը ջանք չի խնայի նշյալ բարեփոխումները կյանքի կոչելու համար: Բարձր ենք գնահատում իշխանությունների հանձնառությունը՝ ապահովել բաց և ազատ մրցակցության հնարավորություն: Ակնկալում ենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ մարմինների և դատական համակարգի կողմից կգործադրվեն առավելագույն ջանքեր այս խոստումը կատարելու համար: Արդար ընտրական գործընթացի ապահովման հիմնական նախադրյալ ենք համարում քաղաքական կամքի առկայությունը», - ասված է հայտարարությունում:

Եվրոպական միության պատվիրակությունը նշում է, որ ի պատասխան ընտրական բարեփոխումների փաթեթի իրականացմանը ֆինանսական օժանդակություն տրամադրելու ՀՀ կառավարության խնդրանքի՝ Եվրոպական միության կողմից տրամադրվող մինչև 7մլն եվրո ֆինանսավորմամբ կլրացվի առկա ֆինանսական ճեղքվածքը, որը թույլ կտա սահուն կերպով իրականացնել ընտրական բարեփոխումների շուրջ ձեռք բերված համաձայնությունը:

«Եվրոպական միությունը խիստ կարևորում է ընտրական գործընթացների թափանցիկությունը, ամբողջականությունը, համընդգրկունությունն ու արդյունավետությունը: Ուստի, կշարունակենք աջակցել շահագրգիռ բոլոր կողմերի ջանքերին՝ ապահովելու ընտրական գործընթացների լիարժեք համապատասխանությունը միջազգային չափանիշներին, ներառյալ վարչական ռեսուրսների կիրառման արգելում և ընտրությունների հետ կապված կոռուպցիոն դրսևորումների բացառում, ինչպես նաև դիտորդների և ԶԼՄ-ների անխափան աշխատանքի երաշխավորում», - ասված է հայտարարությունում, - «Գալիք ընտրությունների ազատ և արդար լինելու ապահովումը վճռորոշ կլինի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և Եվրոպական միության հետ հետագա հարաբերությունների առումով: Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին դեպի ժողովրդավարություն իր ճանապարհի ընթացքում՝ ԵՄ-Հայաստան ապագա համաձայնագրի ու Արևելյան գործընկերության ավելի ընդլայնված շրջանակներում»: