«Հյուսիս-հարավ»-ի շինարարությունը մի շարք խնդիրներ է հարուցել

Դրվագ՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Երևան-Արտաշատ հատվածից

Դեռևս 2013 թվականին Վերահսկիչ պալատը չարաշահումներ էր հայտնաբերել այս մայրուղու շինարարության գործընթացում։

Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչները բողոքում են, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին երկու մասի՝ «հյուսիսի և հարավի» է բաժանում իրենց բնակավայրը: Նրանք պահանջում են գյուղի երկու հատվածները կապող կամուրջը կառուցել իրենց հարմար վայրում։ «Գյուղի հյուսիսը սա է, իսկ մյուս կողմում գյուղի հողերն են»,- ասում է տեղի բնակիչներից մեկը:

Աշտարակ - Գյումրի մայրուղու վրա կառուցվելիք կամուրջը, ըստ նախագծի, տեղակայվելու է ոչ թե գյուղի մուտքի մոտ, այլ մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ գյուղից դեպի կամուրջ տանող ճանապարհ չկա։ Գյուղացիները դեմ են այս նախագծին, սակայն, ինչպես Աղձքի գյուղապետ Արթուր Ավետիսյանն է ասում, այն չհաստատելու դեպքում, կարող է դա էլ չունենան։ «Մենք իրենց տեղեկացրել ենք խնդիրների մասին, ասել են, որ հնարավոր չի փոխել, և եթե չհաստատեք, այդ կամուրջն էլ չեք ունենալու»,- ասում է գյուղապետը:

«Ազատության» հետ զրույցում գյուղի հարավային հատվածում հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվող գյուղացիներն ավելի մանրամասն ներկայացրեցին այն խնդիրները, որոնք կծագեն կամուրջը ոչ իրենց նշած տեղում կառուցելու հետևանքով: «Լավ գործ են անում, բայց թող էնպես անեն, որ մեզ էլ հարմար լինի։ Ես մի քանի հա հող ունեմ էդ տարածքում, հիմա ո՞նց եմ ես տեխնիկա տանելու էդ հողեր», «Մենք չենք կարողանալու խոտ բերել մեր դաշտերից, չենք կարողանալու այգիներն օգտագործել»,- բողոքեցին մարդիկ:

Տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք ևս կրկին կուսումնասիրեն նախագիծը, և եթե հնարավորություն ստեղծվի, գյուղացիներին ընդառաջ կգնան: «Բոլորս պետք է հասկանանք, որ այդ կիլոմետրերը, այդ կամուրջները միլիոնավոր դոլարներ արժեն։ Պահպանելով այդ ստանդարտները՝ փորձում ենք կառուցել բոլոր ենթակառուցվածքները»,- ասաց փոխնախարարը:

«Հյուսիս-հարավ»-ի շինարարության տրամաբանությունը խնդիրներ է առաջացրել նաև մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում։ Արդեն պատրաստի ճանապարհը տեղ-տեղ փակել են՝ կամուրջները վերակառուցելու նպատակով։ Փոխնախարարի խոսքով՝ լավ կլիներ, որ կամուրջների վերակառուցումը ճանապարհի շինարարությանը զուգահեռ ընթանար, սակայն, վարկային միջոցների պակաս կար՝ «Դրա համար մենք առիթը բաց չենք թողնում, որպեսզի բնակիչներից ներողություն խնդրենք»:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ ֆինանսական ռեսուրսների սղության պատճառով հնարավոր է, որ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը կառուվի մասնավոր ընկերությունը: Այդ դեպքում ճանապարհի այդ հատվածը վճարովի կլինի։

Իսկ թե երբ, ի վերջո, պատրաստ կլինի 1,5 միլարդ դոլար արժողությամբ և շուրջ 7 տարի կառուցվող մայրուղին, Առաքելյանն այս հարցին հստակ պատասխան չտվեց: Ըստ նրա՝ եթե ֆինանսական միջոցները բավարարեն, ճանապարհը պատրաստ կլինի 2020 թվականին, հակառակ դեպքում՝ շինարարությունը կարող է ավելի երկար տևել։ Ըստ ներդրումային ծրագրի, շինարարությունը պետք է սկսվեր 2009-ին և ավարտվեր 2019-ին:

Դեռևս 2013 թվականին Վերահսկիչ պալատը չարաշահումներ էր հայտնաբերել այս մայրուղու շինարարության գործընթացում։ Զեկույցում ծրագրի վերահսկողությունը «խայտառակ» էր գնահատվել, հիմքի հաստությունը՝ 10 անգամ բարակ, բետոնը՝ անորակ, շինարարության գինն էլ՝ ուռճացված մոտ 83 տոկոսով։