Մեկ տասնյակից ավելի հայաստանյան հասարակական կազմակերպություններ հայտարարում են, թե Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Կուսակցությունների մասին» օրենքն առկա տեսքով հաստատվելու դեպքում չի ապահովելու հավասար մրցակցություն և ներկուսակցական ժողովրդավարություն:
Քննադատներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է, թե օրինագծի ընդունման դեպքում քաղաքական դաշտում հաստատվելու է իշխող Հանրապետականի մենաշնորհը, քանի որ չի լուծվում կուսակցությունների պետական ֆինանսավորման խնդիրը․ - «Այս օրենքի ներկայացված դրույթների իրականացման պարագայում մենք ունենալու ենք մեկ կուսակցություն՝ Հանրապետական կուսակցությունը, որպես մոնոպոլ, ինչպես կոմունիստական կուսակցությունն էր, և մի քանի ուղեկցող կուսակցություններ, որոնք կարող են գոյություն ունենալ, եթե ունենան այսպես կոչված դաբրոն: Դա միակ կուսակցությունն է, որը ունի ամենաշատ ֆինանսական ռեսուրսները՝ նույնիսկ հրապարակային ներկայացված, և իր ֆինանսական ռեսուրսներով երեք անգամ գերազանցում է Ազգային ժողովում ներկայացված մյուս բոլոր կուսակցություններին՝ միասին վերցրած: Օրենքը լուծելո՞ւ է կուսակցական դաշտում բևեռացման կամ մոնոպոլ էդ վիճակը: Իհարկե՝ ոչ»:
Օրենքի նախագիծն արգելում է կուսակցություններին անանուն նվիրատվություններ ստանալ: Ըստ իրավապաշտպանի՝ այս դրույթով իշխանությունները ցանկանում են բացառել ընդդիմադիրներին ցուցաբերվող օգնությունը․ - «Հանձինս Խաչատուր Սուքիասյանի, հանձինս Գագիկ Ծառուկյանի տեսանք, որ երբ որ կփորձի բիզնես դաշտում գործող որևիցե անձ աջակցել ֆինանսապես ոչ-իշխանական կուսակցությանը, ընդդիմադիր կուսակցությանը, ապա որևիցե երաշխիք չունի իր սեփականության անձեռնմխելիության, նույնիսկ իր անվտանգության ապահովման տեսակետից»:
Սաքունցը կարծում է, որ օրենքը պետք է պարտադրի ստուգել կուսակցությունների ստացած եկամտի օրինականությունը․ - «Չէ՞ որ այդ կոռուպցիոն մեխանիզմներով ձեռք բերված ֆինանսական միջոցները ուղղվում են նաև Հանրապետական կուսակցության ֆինանսական բյուջեն»:
Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց 99 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությունից առաջ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց՝ հնչած քննադատությունը քաղաքական էր, իսկ կուսակցությունների պետական ֆինանսավորման առաջարկին դեմ չեն․ - «Ես, ի դեպ, կուսակցությունների ֆինանսավորման բանաձևի փոխարինմանը, այն բանաձևի, որը այսօրվա գործող օրենքում էլ կա, նախագծում էլ կա: Որովհետև էստեղ համահարթեցման սկզբունք է դրված ֆինանսավորման տեսակետից, և ես կարծում եմ, քաղաքական ուժերը շատ ճիշտ են ասում, որ տարբերակում պիտի մտցվի: Այդ տարբերակումը աշխարհի տարբեր երկրներում, հարգելի գործընկերներ, իրականում հավաքած քվեներն են: Սա է դրվում ֆինանսավորման բարձր կամ ցածր ստանալու հիմքում»:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ընդգծում է, թե խորհրդարանում գտնվող օրինագիծը չի լուծում նաև կուսակցությունների՝ հանրային հեռուստատեսությամբ հավասար եթերաժամանակ ունենալու հարցը․ - «Հանրապետական կուսակցությունը ունի ըստ էության անսահմանափակ եթեր այդ թվում պետական բյուջեից ֆինանսավորում ստացող Հանրային հեռուստաընկերությամբ: Կուսակցության փոխնախագահը այդտեղ հաղորդում է վարում, կուսակցության համագումարը այդտեղ մանրամասն լուսաբանվում է և այլն: Նույնը չի կարելի ասել այլ կուսակցությունների մասին»:
Օրինագիծը քննադատող կազմակերպությունները իերնց հայտարարությամբ մեկ տասնյակից ավելի առաջարկներ են ներկայացրել: Առաջ է քաշվում, օրինակ, ներկուսակցական մեխանիզմ ներդնելու հարցը, ինչպես նաև առաջարկվում է հնարավորություն տալ կուսակցության անդամին բողոքարկել որոշումները դատական կարգով:
«Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի վրա է շատ բան դրված, ինչը տրամաբանական կլիներ, որ համագումարի վրա դրվեր: Օրինակ, կուսակցության նախընտրական ցուցակի հաստատումը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ և այլն»:
«Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունները բխում են սահմանադրական փոփոխություններով հաստատվող կառավարման խորհրդարանական համակարգից: Օրինագիծը մինչև վերջնական հաստատումը դեռ Ազգային ժողովում պետք է անցնի երկրորդ և երրորդ ընթերցում: