Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները դժգոհ են օրենքի նոր նախագծից․ նրանք պնդում են՝ այն թերի է, երբեմն վիճելի ձևակերպումներով, իսկ իրենց առաջարկների մի մասն ընդհանրապես հաշվի չի առնվել։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նոր նախագիծը, որն այսօր դրվել էր հանրային քննարկման, ըստ նրանց դեռ լրամշակման կարիք ունի։
Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի գործադիր տնօրեն Զարուհի Բաթոյանն օրինակ է բերում ամենատարրական, բայց չլուծված հարցերից մեկը՝ տրանսպորտի մատչելիությունը։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար ներկայումս հարմարեցված է 25 ավտոբուս, կավելանա՞ արդյոք դրանց թիվը նոր օրենքի ընդունումից հետո, այս հարցը այդպես էլ պատասխան չունի։
«Օրենքում նշված է տրանսպորտի մատչելիությունը, արդեն սկսվել է շրջանառության մեջ դրվել տրանսպորտային բարեփոխումների խնդիրը: Արդյո՞ք այս դեպքում մենք նկատի ունենալու ենք հաշմանդամություն ունեցող անձի համար մատչելի տրանսպորտը», - հարց է բարձրացնում նա:
Բաթոյանը նշում է՝ փոխվելու է նաև հաշմանդամության կարգի տրամադրման ներկայումս գործող ձևը։ Թե ինչպիսի՞ն այն կլինի, դեռ այդքան էլ հստակ չէ, սակայն պատասխանատուների խոսքով՝ հիմնված է առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նոր մոդելի վրա, որտեղ չի գնահատվում միայն անձի առողջական վիճակը, այլ ցուցաբերվում է խորքային և անհատական մոտեցում։
Գործող կարգին անդրադարձավ նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ «Ազատության» հետ զրուցում Արման Թաթոյանը նշեց, որ ներկայումս գործող կարգից իրենք բազում բողոքներ են ստանում՝ սկսած հանձնաժողովի խտրական մոտեցումից մինչև կաշառքի պահանջում։
«Կա նաև այդպիսի բողոք, իհարկե, կա նաև բողոք, որը վերաբերում է անարդարացի վերաբերմունքին, խտրական վերաբերմունքին, հաշմանդամության կարգերի ոչ ճիշտ չափանիշներին», - ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:
Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանից «Ազատությունը» հետաքրքրվեց՝ արդյո՞ք գնահատման նոր մոդելը բացառելու է կոռուպցիոն դրսևորումներն ու պակասեցնելու է խախտումների թիվը։
«Նախատեսվել է նաև համապատասխան կարգ՝ ուղեգրող առողջապահական կազմակերպությունների մասնակցության հետ կապված հնարավորության: Այն բժիշկները, այն առողջապահական կազմակերպությունների մասնագետները, ովքեր ուղեգրում են քաղաքացուն փորձաքննության, պարտավոր են մասնակցել այդ փորձաքննության գործընթացին և հարցեր առաջանալու դեպքում տան իրենց հիմնավորումները այս կամ այն տեսանկյունից», - նշեց Արտեմ Ասատրյանը:
Նոր մոդելը կփորձարկվի 2017 սկզբին՝ ասաց նախարարը։ Սոցիալական ներառման մասին նոր օրենքում խոսվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելու մասին։ Այստեղ էլ է ներկայացվում 2016 սկզբից գործող քվոտայի պահանջը, ըստ որի հարյուր և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպություններում աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 3 տոկոսը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք։ Զարուհի Բաթոյանն արձանագրում է՝ ըստ պաշտոնական տվյալների քվոտայի պահանջն անգամ գերազանցվել է, բայց հարց է՝ ովքեր են աշխատողները․ - «Եթե նույնիսկ քվոտան չլիներ՝ իրենք աշխատելու էին, որովհետև իրենք նոր չեն ընդունվել աշխատանքի, իրենք վաղուց աշխատում էին: Այս պահին քվոտան չի խնայում այն մարդկանց զբաղվածությունը, ովքեր դուրս են մնացել ոլորտից: Դա հիմնականում տեղաշարժման, լսողության, մտավոր խնդիր ունեցող, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձիք են»:
Արտեմ Ասատրյանից հետաքրքվեցինք՝ արդյո՞ք իր ղեկավարած գերատեսչությունում աշխատում են մտավոր, տեսողական, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք։ - «Նախարարության աշխատակազմում շատ ավելի շատ են հաշմանդամություն ունեցող անձինք, քան քվոտայի պահանջն է», - նշեց նախարարը: