Նախագահի նշած բարեկեցությունը չի տարածվել աղքատ խավի վրա

Ըստ պաշտոնական տվյալների, այսօր Հայաստանում աղքատ է ավելի քան 900 հազար մարդ:

Ինչպե՞ս է ստացվել, որ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 9 տարիների ընթացքում աղքատների թիվն աճել է, սակայն, ըստ Սարգսյանի, մարդիկ այսօր ավելի բարեկեցիկ են ապրում:

Նկատենք, երբ 2008 թվականին Սարգսյանը ստանձնեց նախագահի պաշտոնը, աղքատությունը կազմում էր 27 տոկոս, այսօր այն մոտ 30 տոկոս է. Հայաստանում աղքատ է ավելի քան 900 հազար մարդ:

Եթե աղքատների թիվն ավելացել է, այդ դեպքում, ովքե՞ր են բարեկեցիկ դարձել․ «Ազատության» այս հարցին ի պատասխան, Ազգային ժողովի սոցիալական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հակոբ Հակոբյանը պարզաբանեց՝ բարեկեցությունը տարածվել է ոչ թե աղքատների, այլ հասարակության մյուս խավերի վրա։

Հակոբյան. - Այո, 2.5 տոկոսով աճել է աղքատությունը, բայց մյուսների ապրելակերպն էլ պետք է նայել, չէ՞ որ սա էլ է ցուցանիշ։

«Ազատություն». - Մյուսների՝ ո՞ւմ։ Հարուստներն ավելի՞ են հարստացել, նկատի ունեք։

Հակոբյան. - Հարուստների հետ Դուք գործ չունեք, որովհետև հարուստները 100, 200, 300 մարդիկ են ընդհանուր հանրության մեջ, գործ չունեք այդ առումով, այսինքն՝ նրանք չեն ապրելու ցուցանիշ որոշողները։

«Ազատություն». - Հիմա, եթե աղքատությունն աճել է, աղքատներն ավելի շատացել են, այդ դեպքում ո՞վ է բարեկեցիկ դարձել, պարոն Հակոբյան։

Հակոբյան. - Մնացածը։ Ես ասեցի, բացի հասարակության 30 տոկոսը, մյուս խավերը, որոնք, որ իրենց կյանքն ավելի են բարելավել։

«Ազատություն». - Միջին խավը և հարուստ խավը։

Հակոբյան. - Միջին խավը... ես կդժվարանամ ճիշտ ասել, որովհետև Հայաստանի Հանրապետությունում միջին խավի քանակը քիչ է բավականին, ցավալի է, ուղղակի հասարակության մյուս անդամները։

«Ազատություն». - Մնացին հարուստները, էլ ովքե՞ր կան։

Հակոբյան. - Ասեցի։

«Ազատություն». - Աղքատներ, միջին խավ և հարուստներ, էլ ովքե՞ր կան։

Հակոբյան. - Դուք մի քիչ թվաբանությունը ճիշտ չեք ընկալում, ինչո՞ւ, որովհետև Դուք քաղաքական հարցեր եք տալիս, իսկ ես թվեր եմ դնում տակը։ Ասեցի՝ Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել 300, 400 ուզում եք 1000 ասեմ, ուզում եք 2 հազար ասեմ, ուզում եք 5 հազար ասեմ հարուստ կա, կա մոտավորապես 900 հազար աղքատ, մենք ունենք մոտ 2.9 միլիոն ազգաբնակչություն, խոսքը մյուսների մասին է։ Նրանք մտնում են հասարակության՝ մի մասը միջին խավի, մի մասը ոչ աղքատ խավի, մյուս մասը լավ ապրող խավի...

«Ազատություն». - Ցուցանիշներ կա՞ն, թե հարուստները որքան են հարստացել այս վերջին 9 տարիների ընթացքում։

Հակոբյան. - Ասեցի, ցուցանիշը Ջինի գործակիցն է, ես ասեցի, որ հարուստների հարստացումը մեր մոտ շատ ավելի դանդաղ է առաջ գնում, քան մեր նման երկրներում, ասեցի, որ մենք գտնվում ենք միջին երկրների շարքում, մեր հասարակության ստեղծած ամբողջ տարեկան եկամուտների 30 տոկոսը գնում է հարուստներին, 70 տոկոսը մնացած ամբողջ հասարակությանը։

Թե ինչու է աղքատների թիվը գնալով ավելանում, և ընդհակառակը՝ բարեկեցիկ են դառնում լավ ապրողները, Հակոբ Հակոբյանը նշեց, թե այդ հարցի լուծումը կախված է տնտեսության աճից․ մասնավորապես տնտեսության 3 տոկոսանոց աճը բերում է աղքատության 1 տոկոսանոց կրճատմանը․ - «Եթե մենք կարողանանք տնտեսությունը զարգացնել, աղքատությունը մեխանիկորեն կպակասի: Սա ռեալ ցուցանիշ է»:

Հայաստանի պարագայում, սակայն, այս հաշվարկը, ըստ երևույթին, չի գործում: Ըստ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ցուցանիշների, տնտեսությունն անցած 8 տարիների ընթացքում աճել է մոտ 30 տոկոսով, մինչդեռ աղքատությունը ոչ միայն չի կրճատվել, այլև աճել է:

Ի դեպ, իշխանությունները հաշվարկել են, թե որքան գումար է պետք, որպեսզի հասարակության որևէ անդամ աղքատ չլինի: Հակոբ Հակոբյանի փոխանցմամբ՝ դրա համար անհրաժեշտ է մոտ 300 միլիարդ դրամ հատկացնել աղքատության շեմին գտնվողներին․ - «Եթե մենք կարողանանք գտնել այն բանալին, որը որ կկարողանանք աղքատների ուժը օգտագործել՝ պետության աջակցությամբ իրանց աղքատությունը հաղթահարելու, այ սա կլինի երջանկության բանալի»:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյան

Աղքատության շուրջ «Ազատությունը» զրուցել է նաև Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ: Նախարարը շեշտում է, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մինչև 2009 թվականը Հայաստանում աղքատությունը մեղմող հիմնական գործոնը տրանսֆերտներն էին, որոնք էապես կրճատվել են․ - «Տեսեք, մենք ունեցել ենք ժամանակին տրանսֆերտների մակարդակ 2 միլիարդ դոլարից ավել, հիմա՝ 2016 թվականի մակարդակում 1 միլիարդ դոլարից էլ պակաս է լինելու»:

«Ազատություն» - Բայց հանրության համար նոնսենս է հնչում, երբ որ համադրում են թվերը․ աղքատությունը աճել է, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ավելի քան 300 հազար մարդ հենց պաշտոնական տվյալներով արտագաղթել է, արտաքին և ներքին պարտքը կրկնապատկվել է, մոտ 6 միլիարդ պարտքի մասին նաև Դուք եք խոսել․․․ Այսքանից հետո կարելի՞ է ասել, որ մեզ մոտ դրական զարգացումներ են տեղի ունեցել:

Վարդան Արամյան․ - Կարելի է, որովհետև Դուք ամբողջությամբ եթե նայեք այդ ցուցանիշներին, պետք է նայեք հարաբերական գործոններին: Այսինքն որո՞նք են եղել այն բացասական զարգացումները մեր տնտեսությունում, և դրա արդյունքում մենք ի՞նչ կարող էինք ունենալ և ի՞նչ ենք ունեցել: Եթե էդ հարցերին պատասխանեք, կտեսնեք․․․

«Ազատություն»․ - Բայց հարևանների հետ համեմատության շրջանակներում էլի մենք վատ վիճակում ենք:

Վարդան Արամյան․ - Հարևանների հետ համեմատության շրջանակներում Դուք չեք գտնի մի հարևան, որի որ տրանսֆերտները եղել է ՀՆԱ-ի մեջ ավելի քան 18-19 տոկոս: Հայաստանը էդ տեսանկյունից 2001-ից մինչև 2008 թվականը այդպիսի տնտեսությամբ երկիր է եղել:

Եվս մեկ ցուցանիշ՝ եթե 2008-ին պետական պարտքը կազմում էր 1.9 միլիարդ դոլար, ապա 2016-ին, ըստ Վարդան Արամյանի, պարտքը կհասնի մոտ 6 միլիարդ 200 միլիոն դոլարի: Ընդ որում, եթե ընդամենը երկու ամիս առաջ Ֆինանսների նախարարը նշում էր, թե այս տարին Հայաստանը կփակի 8 միլիարդ 800 միլիոն դոլար արտաքին պարտքով, ապա այսօր արդեն այդ թիվը էականորեն աճել է․ - «2016 թվականին մոտավորապես, դա գնահատական է, մենք շուրջ կունենանք 6.2 միլիարդ դոլար»: