Ուորլիք․ «Տվյալ պահին ամենից շատ կցանկանայինք, որ նախագահները քաղաքական կամք ցուցաբերեին»

Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների սեղանին կան լավ գաղափարներ և առաջարկներ, որոնք կարող էին հիմք ստեղծել համակողմանի խաղաղության հասնելու համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Ինչպես ցանկացած բանակցային գործընթացում, կա որոշակի տարբերություն կարծիքներում, որոնց վրա պետք է աշխատել: Սակայն նախագահներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը նշել են, որ հավատարիմ են կարգավորման խաղաղ ճանապարհին: Տվյալ պահին մենք ամենից շատ կցանկանայինք, որպեսզի նախագահները քաղաքական կամք ցուցաբերեին և բանակցային գործընթացը զարգացնելու պարտավորություն ստանձնեին», - ասել է Ուորլիքը:

ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի ընդլայնման և շփման գծում հրադադարի խախտումների քննության մեխանիզմների ներդրման ձգձգմանը վերաբերող հարցին ամերիկացի դիվանագետը պատասխանել է․ - «20 տարի հետո ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի առաքելության ընդլայնումը կարևոր քայլ է ճիշտ ուղղությամբ: Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ նախագահները պարտավորություններ ստանձնեցին առաքելության ընդլայնման և երկու կողմից աջակցություն ցուցաբերելու հետ կապված: Մենք այժմ աշխատում ենք առաքելության ընդլայնման դետալների վրա: Վստահ եմ՝ կհասնենք դրան»:

Այս տարվա վերջին Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը լքող Ուորլիքը նշել է, որ իր հրաժարականի պատճառը անձնական է․ - «Ես կառուցել եմ ամերիկացի դիվանագետի հաջող կարիերա և 30 տարվա ծառայությունից հետո մտադիր եմ աշխատել մասնավոր հատվածում»: Նա հայտնել է, որ ամերիկացի ժամանակավոր համանախագահի մասին կհայտարարվի «մոտ ապագայում»: