Նախագծում փոփոխությունները շատ են, սակայն պատգամավորներն ամենից շատ հարցեր ուղղեցին հատկապես այն կետի վերավերյալ, որով առաջարկվում է մանդատից չզրկել այն պատգամավորին, ով որոշում կընդունի լքել խմբակցությունը:
Լևոն Մարտիրոսյանի (ՀՀԿ) կարծիքով, դա հակասում է Սահմանադրությանը․ - «Նույնիսկ եթե ինքը, ասենք, դավաճանում է իր խմբակցությանը և այլ կերպ է քվեարկում, դա իր իրավունքն է: Խմբակցությանը Սահմանադրությունը իրավունք չի տալիս պատգամավորին հեռացնել միայն այդ պատճառով»:
Ռուբիկ Հակոբյանը («Ժառանգություն») նույնպես շեշտեց, որ խմբակցությունը չպետք է հնարավորություն ունենա տարբերվող քվեարկության համար պատժել պատգամավորին․ - «Միջազգային վարկերի հետ կապված եղել է, չէ՞, ասենք Զիմբաբվեից կես միլիոն դոլար տվել ենք, որ գա արտաշատցուն կամ արարատցուն բացատրի, թե ծիրանը ոնց պիտի աճեցնեն Հայաստանում: Կամ 18 միլիոն եվրո վարկ ենք վերցրել, որպեսզի գա, ասենք, ապարանցուն բացատրի, թե ոնց պիտի կաղամբը մեծացնի, կամ կարտիֆիլ ոնց պիտի աճեցնել Մարտունիում կամ Քյավառում: Եղել են, չէ՞, մեկ-երկու հոգի, որ շատ խելոք ձևով դեմ են քվեարկել դրանց: Ենթադրենք, դրանց դուք հեռացնում եք, բայց հետո պարզվում ա, որ դուք սխալ եք քվեարկել, բա ձե՞զ ով պիտի հեռացնի»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում ընդգրկված, սակայն «Համախմբում» կուսակցությանն անդամակցած Էլինար Վարդանյանը հարց բարձրացրեց․ - «Քաղաքացին, որ գնում է ընտրելու, ընտրում է կուսակցություն և ընտրում է համամասնական բաց ցուցակով այն քաղաքացուն, որին որ տեսնում է այդ խմբակցությունում: Հետագայում, երբ որևէ մեկը դուրս է գալիս կամ իրեն հեռացնում են, խախտվում է քաղաքացու կամարտահայտումը, խախտվում է տված տված քվեյի արժեքը»:
Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո փաստացի տրոհված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե կողմ է այն գաղափարին, որ խմբակցությունը կարողանա կարգազանց պատգամավորին հեռացնել․ - «Մարդը պատգամավոր ա դարձել կոնկրետ կուսակցության համամասնական ցուցակով, և հետո ասում ա՝ ադյո, ես գնացի: Հիմա արի մի հատ հասկացի՝ քաղաքական ո՞ւժն ա շեղվել իր ծրագրից, թե՞ էդ պատգամավորը այլ ծրագրեր ունի»:
Պատգամավորների հարցերին պատասխանեց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ բերելով ներկա խորհրդարանում ստեղծված օրինակը․ - «Եթե ինչ-ինչ պատճառներով էս մարդիկ դուրս են եկել, ապա բարի լինեն, ազնիվ լինեն ու դրա մասին հրապարակային նշեն: Թե չէ մենք այսօր էլ մեր խորհրդարանում ունենք լրիվ այլ իրականություն․ խմբակցության մեջ կան հինգ պատգամավոր՝ հինգ տարբեր քվեարկություն, տեսակետ, դիրքորոշում, մոտեցում: Էն պատերի տակի խոսակցություններից հետ կանգնենք, փորձենք դրսևորվել ավելի ազնիվ»:
Թևան Պողոսյանը Հովհաննես Սահակյանին հարցրեց․ - «Տեղակալներից մեկը, որը լինելու է ընդդիմությունից, բայց դրա հետ միասին, բոլորս գիտենք, որ ցանկացած մարդ կարա խմբակցությունից դուրս գա: Հիմա, ասենք, դառավ ընդդիմությունից տեղակալ, հետո դուրս եկավ: Ինչպե՞ս է լինելու մեխանիզմը․ արդյո՞ք հետ է կանչվելու կոնկրետ անձը, թե՞ խմբակցությունն իրավունք ունի էդ մարդուն ասի՝ կներես, հաջողություն»:
Սահակյանն արձագանքեց․ - «Նաև սահմանադրական բարեփոխումների ժամանակ մեր քննարկվող ամենակարևոր հարցերից մեկն էր: Խնդիրը ավելի ամբողջական է և գլոբալ է․ արդյո՞ք կարող է Ազգային ժողովում իշխանություն - ընդդիմություն հարաբերակցությունը փոխվել առաջին նիստից հետո, երբ որ ձևավորվում է, գալիս են․ սահմանադրական նորմ է, որ մեկ երրորդը պետք է անպայման լինի ընդդիմություն: Իհարկե, կարող է»:
Անդրադառնալով վարչապետի ընտրության և վարչապետին անվստահություն հայտնելու կարգին, ինչը, ըստ առաջարկվող օրինագծի, տեղի է ունենալու բաց անվանական քվեարկությամբ՝ Լյովա Խաչատրյանը (ԲՀԿ) հիշեցրեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ բերվող փաստարկները․ - «Կիրովական քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ ավագանին որոշում էր ուզում կայացնել բաց քվեարկությամբ քաղաքապետ ընտրելու [մասին], ինչ-որ օրենքներ բերեցիք, ինչ-որ դատախազներ մեջտեղ բերեցիք, և ասիք՝ հակասահմանադրական է բաց քվեարկությունը: Այս դեպքում հակասահմանադրական չէ՞»:
Հրանտ Բագրատյանը (ՀԱԿ) հորդորեց փոխել օրինագծում ընդգրկված այն դրույթը, ըստ որի պատգամավորը բացակայելու դեպքում կարող է իր փոխարեն քվեարկելու հնարավորություն տալ խմբակցության ղեկավարին․ - «Ինչի՞ է նման գաղափար ընդհանրապես առաջացել: Ես, օրինակ, տպավորություն ունեմ, որ դա գալիս է, որպեսզի մեծամասնությունը իրեն երաշխիքներ սկսի․․․»:
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, եթե պատգամավորը գործուղման է և հարգելի պատճառով է բացակայում, նա կարող է փակ ծրարով իր դիրքորոշումը փոխանցել քարտուղարությանը․ - «Իհարկե, ոչ էն դեպքերում, երբ ինքը վետերոկում նստած է կամ սաունայում սուզված է ջրի մեջ»:
Պատգամավորների դժգոհության մի մասն էլ վերաբերում էր նախագծի այն կետին, որով սահմանափակվում է պատգամավորի ելույթի ժամկետը: Այս հարցում օրինագծի հեղինակները համաձայնեցին վերանայել իրենց մոտեցումները: