Շոյգու․ Ադրբեջանը Կասպյան տարածաշրջանի անվտանգության ֆորպոստն է

Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը Բաքվում, 13-ը հոկտեմբերի, 2014թ․

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սերգեյ Շոյգուն ասել է, թե Ադրբեջանը Կասպյան տարածաշրջանի անվտանգության ֆորպոստն է: Նա հույս է հայտնել, որ 2017 թվականին կստեղծվի երկու երկրների ռազմածովային ուժերի հրամանատարական կառույց՝ Կասպիցի անվտանգության հարցերը կարգավորելու նպատակով:

Զաքիր Հասանովն ասել է, թե երկու երկրների միջև զարգանում է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը: Նա նշել է, որ Ռուսաստանի զինվորական բարձրագույն ուսումնական հաստատություններում ավելի քան 80 ադրբեջանցի կուրսանտ է սովորում:

Նրանք ստորագրել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2017-ի համագործակցության պլանը:

Մոսկվայում անցկացվում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը: Շոյգու-Հասանով երկկողմ հանդիպումը կայացել է այդ հավաքի շրջանակում: