ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի իրավիճակը Հալեպում

Սիրիա - Հալեպի արևելյան թաղամասերից հեռացող բնակիչները կառավարության տրամադրած ավտոբուսների մոտ, 29-ը նոյեմբերի, 2016թ․

Այսօր Նյու Յորքում տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) արտահերթ նիստը՝ Հալեպում ստեղծված իրավիճակի հարցով: Այդ մասին հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները:

ՄԱԿ-ը դատապարտել է «դժոխային» իրավիճակը, որ Սիրիայի այդ քաղաքում ստեղծվել է քաղաքացիական բնակչության համար: Կարմիր Խաչի տվյալներով՝ վերջին երեք օրերին ընթացում մոտ 20 հազար մարդ է հեռացել Հալեպից:

Հիշեցնենք, այս օրերին Սիրիայի կառավարական բանակը նշանակալի առաջխաղացում է արձանագրել Հալեպում՝ ապստամբներից ետ գրավելով քաղաքի արևելյան հատվածի մի շարք շրջաններ: