Փակման եզրին գտնվող «Աշտարակ կաթ» ընկերության աշխատակիցներն ու կաթի մատակարարներն այսօր հավաքվել էին Ճամբարակի պանրի գործարանի մոտ՝ սպառնալով վերցնել չիրացված ողջ պատրաստի արտադրանքը:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը, խոսքը մոտ 60 տոննա «ռոկֆոր» տեսակի պանրի մասին է, որը պարտքի դիմաց, ըստ պայմանավորվածության, պետք է բաժանվեր գյուղացիներին։
Ավալյանի խոսքով՝ մեկ- երկու անգամ պանիր տալուց հետո, ընկերությունն արդեն 1 շաբաթ դադարեցրել է գործընթացը, ինչն էլ հարուցել է մարդկանց դժգոհությունը․ - «Մենք նախկինում ունեինք պայմանավորվածություն, որ պարտքի դիմաց պանիր հատկացնեն, որ մարդիկ տանեն շուկա վաճառեն և էդ գումարներով իրենց պարտքի խնդիրը լուծեն։ Հիմա մեկ շաբաթ էր տեխնիկական խնդիրներ էին առաջանում, տո չգիտեմ հաշվապահության հետ, տո չգիտեմ սարքավորումների հետ, և չէին տալիս»։
Պանիրը սեփական նախաձեռնությամբ վերցնելու մտադրությունից մարդիկ հետ են կանգնել, քանի որ գործարանի տնօրենի հետ բանակցություններից հետո, թեկուզ կարճ ժամանակով, բայց եկել են ընդհանուր հայտարարի։
Քաղաքապետի խոսքով՝ մոտ 2 ժամ տևած քննարկումների արդյունքում որոշվեց, որ վաղվանից առանց խոչընդոտներին սկսելու են պանրի բաժանման գործընթացը․ - «Իմ կարծիքով, սեփականատիրոջ հետ էլի հարցեր կան: Կքննարկեն, մեզ վաղը կասեն ոնց են բաց թողնում, ինչ գներով, և այլն, և այլն»։
Ճամբարակի պանրագործարանի տնօրեն Լյովա Սարգսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ պարտքի դիմաց ընկերությունը պանրով կփոխհատուցի առայժմ միայն կաթի մատակարարներին։
«Աշտարակ կաթը» նրանց պարտք է 45 միլիոն դրամ, որը համարժեք է մոտ 20 տոննա պանրի: Գործարանի տնօրենը նաև ընդգծեց, որ 35 աշխատակիցները պատրաստ են սպասել և մի քանի ամիս չվճարված աշխատավարձը ստանալ ոչ թե պանրի, այլ դրամի տեսքով։
«Մի հարցը լուծվեց, մնաց մյուսը», - ասում է Ճամբարակի քաղաքապետը։ Հիմա գյուղացիները մտածում են, թե ինչպես են իրացնելու իրենց տրամադրվող պանիրը։ Շուկան փոքր է, իսկ ռոկֆորը՝ թանկ․ - «Այստեղ խնդիր կա, որ հնարավորություն չի լինելու, որ մարդիկ տանեն, վաճառեն, էդ ամբողջ պարտքը մարեն․․․ Ժողովուրդը ասում ա՝ ոչ թե մեզ պանիր տուր, այլ մեր պարտքը տուր»:
Լյովա Սարգսյանի արձագանքը․ - «Ես հիմա աշխատում եմ էդ բանի վրա, որ կարենամ արտահանել Ռուսաստան: Բայց որ մարդիկ խեղդում են, ասում են վաղը մեզ մեր պանիրը տվեք, ես դրա դեմ ոչ մի բան չեմ կարա անեմ»:
Դժգոհ քաղաքացիների վրդովմունքը կրկնապատկվել էր նաև մինչև վերջերս կաթնամթերքի շուկայի 40 տոկոսը զբաղեցնող ընկերության հնարավոր վաճառքի մասին լուրերից։ Արդյո՞ք դրանք ճիշտ են, և որտե՞ղ է Աշտարակ կաթի սեփականատեր, նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանը։
Լյովա Սարգսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Ափոյանը Հայաստանում է և փորձում է կարգավորել ֆինանսական խնդիրները, իսկ ընկերության վաճառքի մասին լուրերը նա հերքեց։
Դեռ նոյեմբերի 17-ին «Ազատության» հետ զրույցում Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ կառավարությունում քննարկում են, թե ինչպես կարող են աջակցել պարտքերի մեջ հայտնված արտադրողին։
Այսօր նախարարի մամլո քարտուղար Աննա Օհանյանը «Ազատության» հետ զրույցում միայն նշեց, որ հարցի քննարկումը դեռ ընթացքի մեջ է․ - «Այս պահին դեռ ինֆորմացիա չունենք լրատվամիջոցներին տալու»: