Ֆրանսիայի դեսպանը շնորհավորում է Հայաստանին

Մադագասկար - Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովի մասնակիցները, Անտանանարիվո, 27-ը նոյեմբերի, 2016թ․

Երևանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու որոշման վերաբերյալ:

Հայտարարությունում, որը հրապարակել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ասված է․ - «Անտանանարիվոյում կայացած Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովը միաձայն որոշում ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը 2018 թվականին անցկացնել Հայաստանում: Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանին նման որոշման և ի նպաստ Ֆրանկոֆոնիայի դավանած արժեքների և գաղափարների նկատմամբ ստանձնած հանձնառության համար: Կասկած չունեմ, որ այն առիթը կլինի առաջ մղելու Ֆրանսերենի դերը Հայաստանում»: