Ղարաբաղյան հարցով Համբուրգում նախատեսված հաջորդ հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարները, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
«Երբ ես Ֆրանսիայում էի, ինձ առաջարկեցին նման ձևաչափով հանդիպել, Ադրբեջանը կողմ է», - ասել է Էլմար Մամեդյարովը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-9-ը Համբուրգում նախատեսված է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի շրջանակում էլ ակնկալվում են Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, այդուհանդերձ, վերջերս հայտարարել է, որ Համբուրգում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հարցը դեռևս հստակեցված չէ: