Իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ Վիգեն Սարգսյանը պաշտոնական հանդիպում կունենա վաղը՝ օրվա առաջին կեսին, իսկ երեկ երեկոյան նա, Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը, հանդիպել է ռուսաստանցի պատգամավորների, փորձագետների, հայաստանյան դիվանագիտական և ռազմական կորպուսի ներկայացուցիչների հետ։
Դեսպանատանն ունեցած իր ելույթում Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը այսուհետ ևս կշարունակի խորացված համագործակցությունը Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հետ։ Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարարն անդրադարձել է նաև ղարաբաղյան խնդրին։ Նա, մասնավորապես, նշել է, թե Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը շփման գծում՝ խախտելով 1994 թ․ հաստատված հրադադարն ու այս տարի Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, կապված, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հետ:
«Ստեղծված իրավիճակում Հայաստանը կրկնակի միջոցներ կձեռնարկի հայկական բանակի ներուժն ավելացնելու համար»,- իր ելույթում նշել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ «Ազատության հետ հեռախոսազրույցում Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը կայացած հանդիպման մասնակիցներից ռուսաստանցի փորձագետ, «Ռեգնում» գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը որոշ մանրամասներ փոխանցեց։ «Նախարարը լավ ելույթ ունեցավ: Ընդհանրապես, իրականացել է ձեր երազանքը՝ իշխանության է եկել ինտելեկտուալ անձնավորություն, գործնական է տրամադրված։ Համոզիչ էր խոսում»,- Պատմեց Կոլերովը։
Բացի օդում կախված հիմնական հարցից՝ արդյո՞ք Սարգսյանը կկարողանա Մոսկվայում զենքի նոր մատակարարումների մասին պայմանավորվածություններ ձեռք բերել, կա մեկ այլ օրակարգային հարց ևս՝ վաղը հայ-ռուսական բանակցությունների ավարտին սպասվում է հայ-ռուսական միացյալ զորամիավորման ստեղծման մասին պայմանագրի ստորագրումը։ Ռուսաստանցի փորձագետն այդ իրադարձությունը պատմական է համարում:
«Միացյալ զորամիավորման քաղաքական հիմքի մասին պայմանագիրը պատմական նշանակություն ունի, քանի որ միայն միասնական զորամիավորումը կարող է լիարժեքորեն պատասխանել ժամանակակից սպառնալիքներին։ Ռուսական կողմի համար այս միավորումը կարևոր է նրանով, որ առանց Հայաստանի անվտանգության համակարգի ուժեղացման, ինչպես փորձագետներն են ասում, կփլուզվի ռուսաստանյան անվտանգութայն համակարգը տարածաշրջանում։ Հայաստանի համար էլ այս միասնական ռազմական միավորումը պարզապես կենսական նշանակություն ունի, այն Հայաստանի պետականության գոյատևման համար անհարժեշտ պայմաններից մեկն է»,- կարծիք հայտնեց Մոդեստ Կոլերովը։