Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պատրաստ է նորից ստանձնել վարչապետի պաշտոնը։
«Այս ընտրությունների հիմնական նպատակը խորհրդարանը չէ, վարչապետությունն է՝ ով կլինի վարչապետ, հասկանո՞ւմ եք, բնականաբար՝ ուրիշ ի՞նչ պետք է անեի ես։ Վատ վարչապետ եմ եղե՞լ։ Այո, իհարկե, պատրաստ եմ նորից ստանձնել վարչապետի պաշտոնը։ Տեսնում եմ ես ելքը։ Հիմա Հայաստանն ավելի պակաս վատ վիճակում չէ, ընդ որում չունենալով պատերազմ՝ մեծ լայնամասշտաբ պատերազմ։ Ես տեսնում եմ վիճակը։ Հիմա էլ Ձեզ հետ նստած խոսելուց մի քանի լուծում ասացի, ես տեսնում եմ և ես համարձակորեն կանեմ։ Մենք նոր լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք ունենք», - հայտարարեց Բագրատյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է հասնելու այդ նպատակին, նախկին վարչապետը պատասխանեց. - «Ինչպե՞ս՝ կառավարության ծրագիր և այլն... մենք ասել ենք այդ մասին, հիմա բյուջեի քննարկում է, դիտողություններն արել ենք։ Այն, ինչ որ հիմա դիտողություն-առաջարկ եմ անելու, այն ժամանակ կդառնա գործող օրենք, կարգ»։
Բագրատյանը դեռևս չի հստակեցնում, թե ինչ կազմով կմասնակցի ընտրություններին, սակայն նշում է, որ նպատակն այնուամենայնիվ հստակ դաշինքով ընտրությունների գնալն է։ «Մենք կտեսնենք, ես չեմ ուզում շտապել, առաջ ընկնել։ Դեռևս փետրվարին առաջինն եմ հայտարարել դրա մասին, խոսել եմ ուղիղ վեց կուսակցության հետ և սպասում եմ վերջնական պատասխանների։ Ոչ մեկի ես չեմ շտապեցնում։ Արդեն դեկտեմբեր, հունվար պետք է կոնտուրները պարզ լինեն։ Բնականաբար, ում ես հրավիրում եմ խոսակցության, նա ուզում է խոսակցություն ունենալ նաև մյուս ուժերի հետ, ես էլ եմ ունենում, ի վերջո գալիս եմ մի ընդհանուր հայտարարի։ Բայց նպատակը՝ հստակ դաշինքով ընտրությունների գնալն է», - ասաց Բագրատյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն անել, նախկին վարչապետը պատասխանեց. - «Ո՛չ իհարկե, մենք գնում ենք ընտրությանը, որովհետև պարտավոր ենք գնալ, այսօրվա իշխող Հանրապետական կուսակցությունն ամբողջ թափով վաղը նետվելու է նախընտրական մարտի՝ իր ռեսուրսներով, բայց մենք կամաց-կամաց մաշացնում ենք»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․