Արշակ Սադոյանի որդին դատապարտվել է պայմանական ազատազրկման

Արեգ Սադոյան

Խորենացու ցույցերի մասնակից Արեգ Սադոյանը, թեև դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, սակայն չի կարծում, թե որևէ հանցանք է կատարել։

Նա Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար երեք տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել։

Երիտասարդը, ով ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի որդին է, ասաց, որ դատարանում մեղքն ընդունել է ու համաձայնել արագացված կարգով քննությանը, որպեսզի կալանավայրում չմնա, որտեղ անցկացրել էր արդեն չորս ամիս․ - «Ես հասկացա, որ եթե սենց շարունակվի, ես կարող ա մի տարի կամ երկու տարի գնտվել կալանավայրում, որովհետև մեր պրակտիկայում շատ ընդունված ա, որ անընդհատ հետաձգում են, մարդիկ ամիսներով, նույնիսկ տարիներով նստած են կալանատանը»:

Արեգ Սադոյանը, ըստ մեղադրանքի, Պարեկապահակային ծառայության գունդը գրավելու օրերին Խորենացի փողոցում մասնակցել էր զանգվածային անկարգությունների, ոտքով հարվածել ոստիկաններին, փորձել խլել նրանցից մեկի վահանը։ Սադոյանը սակայն պնդում է՝ 46 տուժած ոստիկաններից և ոչ մեկի հետ առերեսում չի եղել. ոստիկաններն իրեն չեն ճանաչել, որպես ապացույց ներկայացված տեսանյութում էլ ինքը չէ։

Ըստ Սադոյանի, չգործած մեղքի համար համեմատաբար մեղմ պատիժ սահմանվեց, քանի որ ինքը երկար տարիներ ծառայել է զինված ուժերում, նաև մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին։ Բացի այդ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, պատգամավոր Վահրամ Մկրտչյանը և այլ բարձրաստիճան այրեր դատարանում երաշխավորել էին երիտասարդի համար:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը ևս համոզված է, որ որդին հանցավոր որևէ արարք չի կատարել, պարզապես արդարադատությունը Հայաստանում ընտրովի է գործում․ - «Շատ ցավալի ա, որ ընտրովի են մարդկանց ձերբակալում: Իրականում շատերը, իրոք կարող ա նույնիսկ պրովոկատորներ հրահրում են այդպիսի դեպքեր․․․ Երբ որ ես նայում էի էդ կադրերը, ինձ համար ուղղակի զարմանալի էր, որովհետև տղաս որևէ կադրում հստակ չի երևում, որևիցե քար չի շպրտել, որևիցե մեկին որևէ բան չի արել: Հնարավոր ա, որ դիպել ա վահանին, ընդամենը դիպել ա․․․, բայց որովհետև իմ տղան ա, և դեմքը ծանոթ ա, նրան ձերբակալել են»:

Արեգ Սադոյանը որոշել է այսուհետ ևս քաղաքացիական դիրքորոշում արտահայտել ու մասնակցել ցույցերի, պարզապես ավելի զգույշ լինել:

Հիշեցնենք, հուլիսի 20-ի զանգվածային անկարգությունների գործով տասնյակ քաղաքացիներ են անցնում: Այս պահի դրությամբ Արեգ Սադոյանից բացի, վճիռ է հրապարկվել նաև Ռաֆայել Կարագյոզյանի մասով, ով ևս ընդունել է մեղքը և դատապարտվել 3 տարվա պայմանական ազատազրկման: