Թալիշի ուղղությամբ շփման գծի դիտարկումը հրադադարի խախտումներ չի արձանագրել

ԵԱՀԿ առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը դիտարկումն իրականացրել է շփման գծի հակառակ կողմից: