Անցած շաբաթ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը մեծ հանդիսությամբ նշեց հիմնադրման 75-ամյակը:
Այս հոբելյանի կապակցությամբ մշակույթի վաստակավոր գործիչ, թատրոնի երկարամյա աշխատակից, թատրոնի թանգարանի վարիչ Սերգեյ Առաքելյանը հրատարակել է թատրոնի ողջ պատմությունը ներկայացնող մոտ 700-էջանոց ստվարածավալ մի գիրք:
Առաքելյանը «Ազատության» հետ զրույցում շեշտում էր՝ բոլորովին էլ պատահական չէ, որ հենց ինքն է դարձել այս գրքի հեղինակը․ - «Ես այս թատրոնի հետ կապված եմ նրա սկզբնավորման օրից՝ 41 թվականից: Դեռևս պատանի, Պիոներ պալատի սան, երգչախմբի, Շարա Տալյանը եկավ Պիոներ պալատ և մի քանի մանչուկների ընտրեց՝ այստեղ ներկայացման մասսայական տեսարանում մասնակցելու համար: Նրանցից մեկը ես էի, և իմ լավագույն ընկերը՝ Վարդգես Պետրոսյանը, թեպետ մի քանի տարով նա ինձանից փոքր էր: Մենք երջանիկ էինք, որ մասնակցում էինք թատրոնի հիմնադիրների հետ՝ հրաշալի դերասաններ»:
Սերգեյ Առաքելյանը հեղինակ է նաև մոտ երկու տասնյակ այլ գրքերի՝ «Մեր մշակույթի մեծերը» մատենաշարի ներքո:
Ուշագրավ է, որ Պարոնյանի անվան թատրոնի ամենաերկարակյաց աշխատակիցը ամենայն մանրամասնությամբ ու ոգևորությամբ է հիշում թատրոնի անցած ողջ ստեղծագործական ուղին, և ոչ միայն թատրոնում աշխատած ռեժիսորներին և դերասաններին, երաժիշտներին, այլև տարիների ընթացքում թատրոնում հյուրընկալված՝ այլ երկրներից ժամանած արվեստագետների:
«Ռուս մտավորականները երբ գալիս էին՝ Փոքր թատրոն, ՄԽԱՏ, Վախթանգովներ, բոլորին բերում էին այստեղ: Այսօրվա պես աչքիս առաջ են՝ Լյուբով Օռլովա, Սուրեն Քոչարյան, Սերգեյ Մարտինսոն, եկել էին հյուրախաղերի, երբ նայեցին մեր ներկայացումները... Եվ Դունաևսկու կինը՝ Դունաևսկին հիվանդ էր, «Ազատաշունչ հողմը» ներկայացման պրեմիերային ներկա չեղավ, եկել էր կինը, դեռ վարագույրը չփակված՝ նետվեց բեմ, ասելով, որ սա վախթանգովյան հրավառություն է՝ աճեմյանական այս ներկայացումը», - պատմեց Առաքելյանը:
Եվ այս բոլոր արվեստագետներն ու թատրոնում նրանց անցած ստեղծագործական ուղին լուսանկարներով, առանձին վավերաթղթերով ու նյութերով հանգամանալիորեն ներկայացված են Սերգեյ Առաքելյանի հեղինակած գրքում:
«Այդպես ես արել եմ Սունդուկյանի անվան թատրոնի 90, հիմա էլ ես արդեն սկսել եմ Օպերային թատրոնի պատմությունը, որ ամիսներ հետո երևի թե կդրվի սեղանին», - ասաց Առաքելյանը: