Բելառուսի նախագահը մեկնում է Ադրբեջան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկա, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան այսօր երկօրյա այցով մեկնում է Բաքու, որտեղ կհանդիպի իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ: Նախատեսված են երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցությունները:

Լուկաշենկայի մամլո ծառայությունը հայտնել է, որ հանդիպման օրակարգում կլինեն առևտրատնտեսական կապերի, ներդրումների, գյուղատնտեսության, ինչպես նաև սպորտի բնագավառներում համագործակցության թեմաները:

Լուկաշենկան կհանդիպի նաև Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:

Հանդիպումների ավարտին կստորագրվեն մի շարք համաձայնագրեր:

Ճիշտ մեկ տարի առաջ Իլհամ Ալիևն է այցելել Մինսկ: Ռուս փորձագետ Միխայիլ Նեյժմակովը «Վեստի Ազերբայջան» կայքի համար պատրաստած վերլուծությունում նշել է, որ «Հայաստանում ուշադրությամբ հետևելու են Լուկաշենկայի այցին»:

Բաքվում Բելառուսի ղեկավարը քննարկելու է ադրբեջանական նավթի մատակարարման հարցը, երկու երկրների ռազմաարդյունաբերական համալիրների համագործակցության հեռանկարը: Բացի այդ, Բելառուսը ցանկանում է Ադրբեջանից վարկ ստանալ:

Բելառուսում, հավանաբար, ի հայտ են եկել ֆինանսական խնդիրներ: Մինսկը Եվրահանձնաժողովին դիմել է կես միլիարդ դոլարի վարկ տրամադրելու խնդրանքով, այս տարվա դեկտեմբերին կամ 2017-ի հունվարին էլ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը պետք է որոշի Բելառուսին վարկ տրամադրելու հարցը:

Բայց քանի որ ԱՄՀ-ը, որպես կանոն, ներկայացնում է նախապայմաններ, այդ թվում՝ ներքին քաղաքականության վերաբերյալ, Մինսկում ենթադրում են, որ ապահովության համար կարելի է դիմել նաև այնպիսի վարկատուի, ով նման պահանջ չի դնի:

Նեյժմակովի կարծիքով, Լուկաշենկայի ադրբեջանական այցի առնչությամբ Հայաստանին մտահոգում է երկու հանգամանք. ադրբեջանա-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցությունը և Մինսկի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի գործունեության ու, մասնավորապես, կառույցի նոր գլխավոր քարտուղարի խնդրում, քանի որ, ըստ նախնական պայմանավորվածության, այդ պաշտոնը հերթագայության կարգով պետք է ստանձներ Հայաստանի ներկայացուցիչը:

Բաքու կատարելիք այցի նախօրեին Լուկաշենկան ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում արծարծել է նաև ղարաբաղյան խնդիրը:

«Անկեղծ ասեմ, ինչպես բելառուսցիներն անտարբեր չեն Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, այնպես էլ մեր սիրտը Ղարաբաղի համար է ցավում, չէ՞ որ մենք՝ ուկրաինացիները, ռուսները, բելառուսցիները, հայերն ու ադրբեջանցիները, ինչպեսև շատ ուրիշ ժողովուրդների ներկայացուցիչներ, դուրս ենք եկել մի մեծ երկրից, բարեկամների մեծ ընտանիքից, որը անունը Խորհրդային Միություն է: Ուստի, մենք ջանք չենք խնայի խաղաղություն հաստատելու, բնականոն կյանքը, մարդկանց անդորրը վերականգնելու համար՝ որտեղ էլ որ լինի»,- ասել է Բելառուսի նախագահը: