Փաստաբան․ Արարատ Խանդոյանը ՔԿՀ-ում ենթարկվում է խոշտանգման

Արարատ Խանդոյանը դատարանի դահլիճում, արխիվ:

Արարատ Խանդոյանի փաստաբանը պնդում է, թե իր պաշտպանյալը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվում է խոշտանգման»:

Արա Ղարագյոզյանը փոխանցեց, որ Խանդոյանին 5 օրով տեղափոխել են նկուղային հարկում գտնվող խոնավ ու կոտրված ապակիով պատժախուց:

Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արայիկ Խանդոյանը, ըստ փաստաբանի, առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք այդ պայմաններում կարող են սրվել:

Ղարագյոզյանը պնդում է, թե պատժախցում նույն ջերմաստիճանն է ինչ դրսում․ - «Հաշվի առնելով նրա առողջական վիճակը՝ 12 անգամ հրազենային վնասվածք ստացած, փայծաղը, լյարդը չկան, ունի մի շարք այլ առողջական խնդիրներ, անձին պետք է չտեղափոխեին»:

Փաստաբանի խոսքով, իր վստահորդին նկուղային խոնավ հարկում, ապակին կոտրած պատժախցում այս ցուրտ եղանակին պահելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է: Փաստաբանը բողոք է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պահանջելով, որ դրա աշխատակիցներն այցելեն ու արձանագրեն իրավիճակը:

Պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ օմբուդսմենի գրասնեյակի աշխատակցիներն արդեն այցելել են Խանդոյանին, իսկ կարձագանքը կլինի վաղը:

Փաստաբանը ծառայողական քննություն սկսելու պահանջով բողոք է ուղարկել նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վարչության պետ Արթուր Օսիկյանին: Վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ներքին կանոնակարգը խախտելու համար Խանդոյանը տեղափոխվել է պատժախուց, և պայմաններ «համապատասխանում են պատժի կրման պայմաններին»:

Ղլեչյանը, սակայն, չմանրամասնեց, թե ներքին ինչ կանոնակարգ է խախտել Խանդոյանը:

Շուրջ 4 ամիս անազատության մեջ գտնվող Արարատ Խանդոյանի փաստաբանը, մինչդեռ, պնդում է՝ սա քաղաքական հաշվեհարդար է, միայն այն բանի համար, որ իր վստահորդը՝ ՊՊԾ գունդը գրավողներից՝ «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրն է․ - «Պատժախցերը չպետք է լինեն անմարդկային պայմաններ, որը հանգեցնի խոշտանգման, նվաստացուցիչ վերաբերմունքի: Սա կրկին անգամ հիմք է տալիս ենթադրելու, որ Արարատ Խանդոյանը և Արայիկ Խանդոյանը քաղաքական բանտարկյալներ են, և այս միջոցով նրանց նկատմամբ ցանկանում են ճնշում գործադրել»:

ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբի նախագահ Արայիկ Զալյանն «Ազատությանը» փոխանցեց, որ մինչև վաղն իրենք նույնպես կայցելեն Խանդոյանին: