Ավազակային հարձակում Արաբկիրում

ՔԿ Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արաբկիրում ավազակային հարձակման դեպքի առթիվ:

Տարածված հաղորդագրության համաձայն, 2016 թվականին նոյեմբերի 23-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ առերևույթ հանցագործություն կատարած անձինք մուտք են գործել Արաբկիրում գտնվող առանձնատներից մեկը և զենքի գործադրմամբ սպառնացել տան անդամներին:

«Նախնական տվյալներով՝ նոյեմբերի 23-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, երկու դիմակավորված անձինք, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկը և սպառնացել տան անդամներին: Առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկը բռնություն գործադրելու սպառնալիքով ատրճանակը պահել է բնակչուհու գլխի ուղղությամբ, իսկ մյուսը որպես զենք օգտագործվող կտրող-ծակող գործիքով հարվածել է կնոջ եղբոր ձախ ոտքին, որից հետո ոչինչ չհափշտակելով դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով»,- մասնավորապես, նշված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ: