«ՀԱՊԿ ԽՎ որևէ ներկայացուցիչ չդատապարտեց Ադրբեջանի հանցագործ գործունեությունը». Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը այսօր Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում իր ելույթում ընդգծել է, որ Վեհաժողովի որևէ ներկայացուցիչ չի դատապարտել ադրբեջանական զինուժի հանցագործությունները ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:

«Հավաքական անվտանգության խնդիրները, ինչպես նաև այլատացության և ահաբեկչության դեմ պայքարը մեր քաղաքական օրակարգի բացառիկ հարցերից են», - հայտարարել է Շարմազանովը՝ շարունակելով. - «Հարկ եմ համարում նշել, որ ՀԱՊԿ ԽՎ գարնանային և աշնանային նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը կոպտորեն խախտելով 1994 թվականի զինադադարը, արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, ապրիլին ահաբեկչական գործողություններ ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի նկատմամբ՝ փորձելով ռազմական ճանապարհով հասնելու հաջողության: Նրանց զինուժի գործողություններն ուղեկցվում էին առանձնակի դաժանությամբ խաղաղ բնակչության նկատմամբ: Ադրբեջանական զինուժի հանցագործ գործողություններն ուղղակիորեն հիշեցնում էին «Իսլամական պետության» ահաբեկչական ձեռագիրը: Դժբախտաբար այս վեհաժողովի որևէ ներկայացուցիչ չդատապարտեց Ադրբեջանի այդ հանցագործ գործունեությունը»:

«Ժամանակն է դասեր քաղել պատմությունից: Նման ահաբեկչական և հակամարդկային գործողությունների չդատապարտումը կարող է հանգեցնել նոր ողբերգությունների: Արցախի բնակչության անվտանգությունն ամեն ինչից վեր է: Բոլոր փորձերը լուծելու խնդիրը ռազմական ճանապարհով դատապարտված են ձախողման››, - Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հայտարարել է Շարմազանովը: