Բացահայտվել է կեղծիքների միջոցով զորակոչից խուսափելու 32 դեպք

Բացահայտվել է առողջական խնդիրների պատճառաբանությամբ, կեղծիքների միջոցով 2010-2015թթ. զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու 32 դեպք, մեղադրանքներ են առաջադրվել 12 անձի, ևս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Քննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի մի բնակչուհի, չունենալով մշտական կամ ժամանակավոր աշխատանք, զարտուղի ճանապարհով, խարդախությամբ գումար վաստակելու նպատակով, տարբեր քաղաքացիների ներկայացել է որպես ՀՀ զինված ուժերի նախկին աշխատակից, գործող բուժհաստատություններում ազդեցիկ ծանոթներ ունեցող անձ, իր ծառայություններն է առաջարկել ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից ազատվելու ցանկություն ունեցող անձանց՝ խոստանալով տարբեր չափերի գումարների դիմաց տարկետումներ տրամադրել, որոշ դեպքերում նաև` ընդհանրապես ազատել զորակոչից», - ասված է հաղորդագրությունում, - «Քննության տվյալներով՝ նշված կինն ընդհանուր առմամբ համաձայնություն է ձեռք բերել մոտ երեք տասնյակ անձանց հետ և նրանցից ստանալով համապատասխան գումար՝ ապօրինի եղանակով կազմակերպել է տարկետումներ ապահովող բժշկական ախտորոշումներով կեղծ տեղեկանքների տրամադրումը, որոնց օգտագործմամբ զորակոչիկներն ձեռք են բերել տարկետման իրավունք»։

Դատարան է ուղարկվել երկու քրեական գործ, երրորդ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։