ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը բարձրացվել է Սարսանգի ջրամբարի հարցը

Նոյեմբերի 22-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի ունեցած բաց քննարկմանը՝ «Միջազգային խաղաղության և անվտանգության ապահովում. Ջրային ռեսուրսներ, խաղաղություն և անվտանգություն» խորագրի ներքո, ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ով մասնավորապես, նշել է, որ անդրսահմանային ջրային ռեսուրսները հասարակությունների և ազգերի միջև սոցիալական և տնտեսական փոխկախվածություն են ստեղծում, ինչը կարող է երկրի ներսում և երկրների միջև վեճերի և հակամարտությունների պատճառ դառնալ, մինչդեռ փոխադարձ շահերի և փոխկախվածության գիտակցումը պետք է հիմք ծառայի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման, ինչպես նաև տնտեսական աճի համար:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Մնացականյանը ափսոսանք է հայտնել այն փաստի առնչությամբ, որ անգամ նման բնույթի հարցերում Ադրբեջանն ընտրել է Հայաստանի վրա ցեխ շպրտելու և մեղադրանքներ ներկայացնելու մոտեցումը: - «Սարսանգի ջրամբարը, որն առանցքային նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի տնտեսության համար` մեծապես գյուղատնտեսական և էներգիայի արտադրության տեսնակյունից, գտնվում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մշտական վերահսկողության ներքո»,- ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը:

Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, որպես բարի կամքի դրսևորում, բազմիցս առաջարկել են ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման մեխանիզմ, ինչը ևս կարող է ծառայել որպես կողմերի միջև վստահության կառուցման միջոց: - «Փոխարենն Ադրբեջանը նախընտրում է տարածել անհիմն մեղադրանքներ և կասկածելի «ապացույցներ», որոնք, ըստ էության և մեղմ ասած, ապատեղեկատվություն են»,- ասել է ՀՀ մշտական ներկայացուցիչը:

Քննարկմանը ելույթով հանդես են եկել մոտ երկու տասնյակ երկրների ներկայացուցիչներ: