Ադրբեջանի տնտեսության դիմադրողականությունը «ամենաթույլն է հետխորհրդային տարածքում»

Ադրբեջան - Մանաթի կտրուկ արժեզրկման հետևանքով փակված խանութներից մեկը Բաքվում, 22-ը դեկտեմբերի, 2015թ․

Հետխորհրդային տարածքում վերջին շրջանում ծավալված ֆինանսական ճգնաժամից ամենաշատը տուժել են Ուկրաինայի և Ադրբեջանի բանկային համակարգերը, պնդում է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, այժմ մոսկովյան առաջատար բանկերից մեկի` VTB 24-ի ղեկավար Միխայիլ Զադորնովը: Այդ մասին ռուսաստանցի գործիչն ասել է վրացական Financial պարբերականին տված հարցազրույցում:

«Ազգային տարադրամների արժեզրկումը բնորոշ է ամբողջ հետխորհրդային տարածքին: Դրա նվազագույնը ցուցանիշը` 20 տոկոսից էլ քիչ, արձանագրվել է Հայաստանում: Վրաստանում և մի շարք այլ երկրներում ազգային արտարժույթի արժեզրկման ցուցանիշը մոտ էր 30 տոկոսին: Ռուսաստանում ռուբլին այս ժամանակահատվածում արժեզրկվեց մոտ 45 տոկոսով: Իսկ հետխորհրդային տարածքի ամենաարժեզրկված տարադրամներն են ուկրաինական գրիվնան և ադրբեջանական մանաթը», - նշում է Զադորնովը:

2015 թվականի փետրվարին ադրբեջանական մանաթը մեկ օրում արժեզրկվեց ավելի քան 35 տոկոսով: Դրանից 10 ամիս անց էլ` դեկտեմբերի 21-ին, մեկնարկեց ադրբեջանական ազգային տարադրամի արժեզրկման երկրորդ փուլը, երբ ընդամենը մի քանի ժամում մանաթը կորցրեց իր արժեքի 47 տոկոսը: Մանաթի արժեզրկումը շարունակվում էր նաև 2016 թվականի ողջ ընթացքում: Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարարի կարծիքով, սակայն, ադրբեջանական տարադրամի արժեզրկումը կարող է շարունակվել նաև առաջիկա ամիսներին:

«Ադրբեջանի տնտեսության դիմադրողականությունը, ցավոք սրտի, ամենաթույլն է, քանի որ այն կախվածության մեջ է արդյունաբերության միայն մեկ ճյուղից` նավթի արդյունահանումից: Մանաթի արժեզրկման երեք փուլերը տնտեսվարող սուբյեկտների շրջանում հետագա արժեզրկման մտավախություն են ստեղծել, և վատ է, որ այդ գործընթացը այս պահին էլ դեռ ավարտված չէ», - նշում է VTB 24 բանկի նախագահը` չշրջանցելով նաև իր ղեկավարած կառույցի առջև Հայաստանում ծառացած խնդիրները:

«Չնայած Հայաստանում արժեզրկման ծավալները շատ ավելի ցածր էին, միևնույն է` բացասական ազդեցությունը մեր բանկի վճարային հաշվեկշռի վրա բավական մեծ էր: Այս տարի, սակայն, իրադրությունը նկատելիորեն բարելավվել է», - պնդում է Զադորնովը՝ հավելելով, որ տնտեսական կացության բարելավումը բնորոշ է ողջ հետխորհրդային տարածքի համար` բացառությամբ Ադրբեջանի:

«Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում գործարար ակտիվության ցուցանիշն առաջիկայում ավելի բարձր կլինի, քան 2015 թվականին էր կամ նույնիսկ ընթացիկ տարում: Վրաստանը և Հայաստանը նույնպես զգալիորեն մոտեցել են [բիզնես ակտիվության ] նախաճգնաժամային մակարդակին: Ադրբեջանը միակ երկիրն է, որտեղ ներկայացված է մեր բանկային խումբը և որտեղ իրական տնտեսական աճ չի արձանագրվել», - նշում է Զադորնովը վրացական պարբերականին տված հարցազրույցում: