Նախագահական ընտրություններից հետո ամերիկյան հանրությունը պառակտված է․ Gallup

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է գալիս The New York Times թերթի խմբագրությունից, Նյու Յորք, 22-ը նոյեմբերի, 2016թ․

Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից երկու շաբաթ անց ամերիկացիների ճնշող մեծամասնությունը վստահ է` երկիրը պառակտված է, և հիմնական ամերիկյան արժեքների շուրջ հանրային միասնությունն այլևս գոյություն չունի: Սա են վկայում Gallup սոցիոլոգիական ծառայության օրերս հրապարակած հերթական հարցման արդյունքները:

Դրանց համաձայն` ամերիկացիների 77 տոկոսը վստահ է, որ բուռն նախագահական քարոզարշավից հետո հանրությունը երկփեղկված է: Gallup-ի մասնագետների պնդմամբ` այս ցուցանիշն ամենաբարձրն է հետազոտությունների ավելի քան 20 տարիների ընթացքում:

Երկրում առկա հանրային պառակտման մասին նախևառաջ պնդում են Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները: «Արդյո՞ք Միացյալ Նահանգների բնակչությունն այսօր միասնական է», - այս հարցին բացասական է պատասխանել հարցված դեմոկրատների 83 և հանրապետականների 68 տոկոսը:

Բացի այդ, ամերիկացի սոցիոլոգները արձանագրում են, որ երկրի բնակչությունը երկփեղկված է նաև նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ վերաբերմունքի առումով: «Արդյո՞ք Թրամփի պաշտոնավարումը կնպաստի հանրային միասնության մթնոլորտի ձևավորմանը, թե՞ ավելի կպառակտի երկիրը», - այս հարցին ի պատասխան, ամերիկացիների գրեթե կեսը` 49 տոկոսը վստահաբար պնդել է, որ երկրի հաջորդ նախագահն է՛լ ավելի է պառակտելու ամերիկյան հանրությունը:

«Դոնալդ Թրամփը գալիք հունվարին նախագահի պաշտոնը կստանձնի ամերիկացիների շրջանում երկփեղկվածության ռեկորդային բարձր ցուցանիշի պայմաններում», - պնդում են Gallup-ի մասնագետները` նշելով, որ ամերիկացիների կեսից ավելին վստահ է, որ Թրամփն ի վիճակի չի լինի իր գործողություններով երկրում հանրային միասնության մթնոլորտ ձևավորել: «Նման ընկալումների ձևավորման պատճառը Թրամփի կոպիտ խոսելաձևն է և քարոզարշավի ընթացքում կիրառած պառակտիչ հռետորաբանությունը», - համոզված են սոցիոլոգները:

Նրանք արձանագրում են նաև, որ նորընտիր նախագահի նկատմամբ վստահության մակարդակը քաղաքական ընդդիմախոսների շրջանում ամենացածրն է տասնամյակների ընթացքում: «2000 թվականի ընտրություններից անմիջապես հետո հանրապետական Բուշի հանդեպ դրական էր տրամադրված շարքային դեմոկրատների մեկ երրորդը: 2008-ին դեմոկրատ Օբաման նույն ցուցանիշն արձանագրեց հանրապետականների շրջանում: Այսօր, սակայն, Դոնալդ Թրամփի հանդեպ դրական է տրամադրված ամերիկացի դեմոկրատների միայն 10 տոկոսը», - պնդում են հետազոտության հեղինակները: