Շենգավիթ թաղամասի «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանությունների դեպքով հարուցված քրգործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ևս 3 անձի, փոխանցում է Քննչական կոմիտեն։
«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում, և նրա վիճակը գնահատվում է ծանր: Մ. Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել են նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ ևս երեք անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին. Ալիկ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել Մ. Մուշեղյանի սպանությունը դրդելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Արմեն Գասպարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար, Արտակ Նազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար։
Նշենք, որ քրեական գործի շրջանակներում նոյեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել նաև Պետրոս Իսրայելյանին՝ Մուշեղ Մուշեղյանի սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և Ռուբեն Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությանն օժանդակելը)։ Այսպիսով՝ նոյեմբերի 21-ի դրությամբ նշված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Երևանի քննչական վարչությունում շարունակվում է «Լիա» գեղեցկության սրահի տարածքում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքնությունը»,- նշված է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում: