Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը զեկուցել է, որ Երևանում արդեն 97 բենզալցակայանում իրականացվել են ստուգումներ և կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Նրա խոսքով՝ հիմնական խախտումները քաղաքաշինության նորմերի պահպանման ոլորտում են:
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, նախարար Արմեն Երիցյանը հանձնարարել է շարունակել ստուգումները և խախտումներ արձանագրելու դեպքում անմիջապես զեկուցել:
Հիշեցնենք, անցած շաբաթասկզբին Երիցյանը հանձնարարել էր ստուգումներ անցկացնել Երևան քաղաքի բոլոր բենզալցակայաններում և գազալցակայաններում, խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ անմիջապես արձանագրություն կազմել տվյալ կայանի աշխատանքների դադարեցման վերաբերյալ: Նախարարը հանձնարարել էր սկսել մայրաքաղաքից և ստուգումներ անցկացնել նաև մարզերում: