Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն անցած շաբաթավերջին մեծ հանդիսությամբ նշեց հիմնադրման 75-ամյա հոբելյանը:
Երկրորդ աշխարհամարտի ամենածանր օրերին էր մի խումբ անվանի արվեստագետների կողմից մտահղացվել թատրոնի հիմնադրման գաղափարը, որն էլ իրականացվեց 1941 թվականի պատերազմական աշնանը։
«Ես ուղղակի ասեմ, թե ինձ ինչն է զարմացնում այս հայ ժողովուրդ կոչվածի մեջ՝ ապշելու հոգևորի ժողովուրդ, ապշելու։ Այսինքն՝ պատերազմ, ռումբերն արդեն ընկնում էին Թբիլիսիի վրա, այստեղ կառավարությունը որոշում է թատրոն բացել։ Նայեք ինչ զուգահեռ է․ պատերազմող երկիր՝ թատերական, ընդհանրապես մշակութային կյանքն ապշեցուցիչ է՝ այսքան փառատոններ, պրեմիերաներ, քննարկումներ, ինչ ասես, բոլորովին նոր թատրոն է կառուցվում Գավառում, բոլորովին նոր թատրոնի շենք, հրաշալի։ Տարիներ որ անցնի, էդ մարդիկ պետք է ասեն, պատերազմը դռանն է՝ ցանկացած պահի կարող է թակել, սրանք էս ինչեր են արել, ինչ ցուցահանդեսներ, թատրոնի շենք կառուցել, այ ինձ էս զուգահեռն է շատ զարմացնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը։
Ղազանչյանը թատրոնը ղեկավարում է 20 տարի, այս տարիների ընթացքում սերունդ է փոխվել, ասաց գեղարվեստական ղեկավարն՝ ընդգծելով, որ այսօր երիտասարդների նոր սերունդ է եկել, որոնց էլ հանգիստ կարող են վստահել թատրոնի վաղվա օրը:
Խաղացանկում այսօր ավելի քան 22 ներկայացում ունեն, իսկ այն ժամանակ՝ 1941-ի հեռավոր աշնանը, թատրոնն իր հանդիսատեսին առաջին անգամ ներկայացել է «Թագավորը զվարճանում է» օպերետային բեմադրությամբ: Ի դեպ, թատրոնը հենց այդպես էլ կոչվել է՝ Օպերետային թատրոն, և միայն 1966 թվականից է կրում ներկայիս անունը:
Երվանդ Ղազանչյանի խոսքով՝ թատրոնը մշտապես ունեցել է հրաշալի դերասանների իր փաղանգը, բայց թատրոնի «Ոսկե դարը» սկսվել է 1950-ականների վերջից, երբ գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր է նշանակվել Վարդան Աճեմյանը և հենց նրա օրոք թատրոնում հիմնականում հայ հեղինակներ են բեմադրվել: Ղազանչյանը շեշտեց, որ իրենք ևս փորձում են պահպանել այդ ավանդույթը։
«Գերակշռող մասը՝ մոտ 75 տոկոսն այդ դասական և հայ ժամանակակից պիեսն է, առանց հայ ժամանակակից կամ դասական դրամատուրգիայի ազգային թատրոն ո՞նց կարող է լինել», - ասաց Ղազանչյանը։
Նա բոլորովին համամիտ չէ տարածված այն տեսակետին, թե հենց ժողովրդի համար է, որ ստեղծվում են ցածրաճաշակ ներկայացումներ, ֆիլմեր, հաղորդումներ:
«Երբեք չի կարելի գոտկատեղից ներքև արվեստ ներկայացնել և ասել՝ «ժողովուրդը դա է ուզում»։ Ժողովրդին եթե դու ներկայացնես ճաշակով, բարձր արվեստ, ժողովուրդը սիրով կընդունի։ Պետք չէ շառը գցել ժողովրդի վրա, թե «ժողովուրդը սա է ուզում», ժողովուրդը դա չի ուզում, մանավանդ ձեր հումորը, սիրելիներս, չի ուզում, հարգելի երգիչ-երգչուհիներ, որոնց 80 տոկոսը կարող էին չերգել և հայ երգը չէր տուժի, դա չի ուզում ժողովուրդը, ժողովուրդն ուզում է դասական, ազնիվ երգ։ Չի կարելի՝ ինքդ տեքստը գրում ես, ինքդ երաժշտությունը գրում ես , ինքդ էլ երգում ես ու մեզ էլ ասում ես ծափ տվեք, ո՞նց ծափ տանք, որովհետև դա երգ չի, ոնց ծափ տանք», - ասաց Ղազանչյանը։