«Ժառանգություն» կուսակցությունում չեն բացառում խորհրդարանի առաջիկա ընտրությանը դաշինքով մասնակցելու հնարավորությունը։ Այսօր հրավիրված քաղաքական խորհրդի նիստին, սակայն, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հավաստմամբ, կոնկրետ քաղաքական ուժերի անուններ չեն շոշափվել։
Մարտիրոսյանն ասում է ընդհանուր հարցեր են քննարկել․ - «Այսինքն՝ ինչ իրավիճակ է, ինչ քայլեր կարող է կուսակցությունը կատարել, հավանական թեկնածուներ, ում հետ կարող ենք գործակցել»։
Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, այս փուլում անուններ հնչեցնելը կարող է խնդիրներ առաջացնել ընդդիմադիր կուսակցությունների հետ բանակցությունների ժամանակ։ Ավելի վաղ ՀԱԿ և քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները հայտարարել էին 2017-ի ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր դաշտի միավորման անհրաժեշտության մասին և այդ հարցի շուրջ բանակցելու պատրաստակամություն հայտնել։ Սակայն ոչ մի կուսակցություն մինչ այժմ չի արձագանքել հոկտեմբերին հնչած այդ հայտարարություններին։ «Ազատության» այն դիտարկմանը, թե «Ժառանգությունը» դեռ հստակ պատկերացում չունի, թե ում հետ է ուզում գործակցել՝ կուսակցության փոխնախագահը պատասխանեց. - «Կարող ենք ասել ում հետ չենք համագործակցի՝ Հանրապետական կուսակցության, էլի կան ուժեր, ում անունները չեմ ուզում տալ, ում հետ, կարծում ենք, նպատակահարմար չէ»։
Արդյո՞ք «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է ոչ միայն քննարկել այլ կուսակցությունների առաջարկները, այլ հանդես գալ այդպիսի առաջարկներով․ այս հարցին «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը արձագանքեց․ - «Որևիցե մեկին առաջարկներով չենք դիմելու, բայց ընդհանուր, քանի որ տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ, այդ խորհրդակցությունները կշարունակվեն, որի արդյունքում հավանաբար արդեն նման առաջարկներ եթե անհրաժեշտ լինեն, ապա ի հայտ կգան»։
Արմեն Մարտիրոսյանը հավելեց՝ կուսակցությունում ցանկություն կա ընդդիմադիր դաշտը միավորելու և իշխանության դեմ միասնական պայքարելու համար։ Եթե չստացվի՝ կքննարկեն, թե ինչ կարելի է անել միայն իրենց կուսակցության ուժերով։ Հաշվի առնելով, որ ընտրություններին ընդամենը 5 ամիս է մնացել, Զարուհի Փոստանջյանը խոստովանում է՝ գործնական քայլերն ուշանում են․ - «Իհարկե, այս ուղղությամբ պետք է աշխատանքները ավելի ինտենսիվ տարվեն։ Ես կարծում եմ՝ աշխատանքներ տարվում են, բայց որպեսզի հանրությունը լիարժեք տեղեկացվի, դեռ այդ հանգրվանին չենք հասել»։