Թումանյանի միավորված համայնքի բնակիչները պնդում են` հոգսերը չեն պակասել

Լոռու մարզում Թումանյանին միավորված համայնքների բնակիչները պնդում են՝ խոշորացումից հետո ոչինչ չի փոխվել:

Կես տարի առաջ հանրաքվեի ժամանակ միավորմանը կողմ քվեարկելով` գյուղացիները հույս ունեին, թե նախապես հնչած խոստումները կյանքի կկոչվեն: Այսօր սակայն փաստում են՝ դժվարություններն ու հոգսերը չեն պակասել:

«Դեռ ոչ մի փոփոխություն, ոչ մի պլյուս չենք տեսել: Հույս ունեինք` օգուտ կլինի, ասենք` միկրոավտոբուսներ կլինեն, հեշտ քաղաքի հետ կապ կունենանք, բայց ոչ մի բան դեռ չկա», - պատմում էին մեր զրուցակիցները:

ՏԻՄ համակարգի 20-ամյակին նվիրված ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը անդրադառանալով համայնքների խոշորացմանը ասել էր, թե նպատակը մարդկանց խնդիրների լուծումը հեշտացնելն ու կյանքի որակը բարելավելն է: Մասնավորպես, քայլերից մեկը միավորված համայնքներում մեկ մեծ դպրոցի առկայությունն է, մի քանի փոքր դպրոցների փոխարեն: Թումանյանի քաղաքապետ Լևոն Զավարյանը համամիտ է նախագահի հետ: - «Առաջինից երրորդ դասարանի երեխեքը նստում են մի դասարանում: Էն առաջին դասարանի երեխեն ինչա՞ սովորելու երրորդի հետ: Խոսքի` Լորուտում ընտիր դպրոց կա, վերանորոգման կարիք ունի: Խոսքի օրինակ Շամուտ, Աթան, Ահնիձորի դպրոցները եթե փակեն, էդ երեք դպրոցների երեխեքը գան Լորուտ, ընտիր վերանորոգված կլինի, էն դպրոցները, որը որ փակվիլ տի` էդ 30 միլիոնները որ տալիս են պահպանման և ուսուցիչների վարձատրման, դրանով միհատ ընտիր ավտոբուս են առնըմ», - պարզաբանում է քաղաքապետը:

Թումանյանից շուրջ 40 կմ հեռավորորության վրա գտնվող Շամուտում և Աթանում ապրողները, մինչդեռ, չեն կարծում, թե դա լավ գաղափար է:

«Փոքր երեխեն, որ մեր դպրոցը մի կիլոմետրա հեռու, էլի դժվարանում են… դուք ո՞նց եք կարծում, ըստեղից գնան Լորուտ, կամ Մարց… ո՞նց կլինի… առաջին – երկրորդ դասարանի երեխեն… դրա լավը ո՞րնա: Ոչ մի դրական արդյունք չենք տեհել ինչ միվորվելա», - դժգոհում էր բնակիչներից մեկը:

Հանրաքվեից առաջ Լևոն Զավարյանն ասել էր, թե խոշորացումից հետո մեծ ներդրումներ ու ծրագրեր են իրականացվելու համայնքներում՝ շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ: «Ազատության» հետ զրույցում թվարկում է մինչ օրս կատարած աշխատանքերը, միևնույն ժամանակ բնական համարում գյուղացիների դժգոհությունները. - «Ըտենց համայնք չկա, որ գործ արած չըլնենք էս կարճ ժամանակահատվածում: Ահնիձորի սարի ճամփեն ենք վերանորոգել, Աթանի գյուղամիջում մի հատ ճանապարհ կար, որ անանցանելի էր, մի հատ կամուրջ կար սարը գնացողների համար, որ փլված էր` վերանորոգել ենք: Այսինքն` ամեն ինչ էլ անում ենք, բայց էլի ասում են` ա դե ի՞նչ եք արել, է: Մանկապարտեզն ենք արել, վաղը կանգառնա լինելու, աղբահան մեքենան»:

Զավարյանի խոսքով՝ ընդամենը երկու տարի անց դրական փոփոխությունները առավել նկատելի կլինեն: