Հանրակրթական դպրոցը շատ լուրջ դեր կարող է խաղալ երաժշտության հարցում առավել ճաշակով սերունդ ձևավորելու համար, կարծում են կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ու աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը:
«Հարկավոր է ուղղակի արմատախիլ անել հեռուստաեթերից տրվող այդ ցածրորակ երաժշտությունը, ինձ համար այդ շատ օտար մրցույթները: Եվ հարկավոր է մարդկանց վերադարձնել այդ պատվախնդրությունը, որ այդպիսի երաժշտություն լսելը, մեղմ ասած, ամոթ է», - հավելում է Հասմիկ Պապյանը:
Հանրահայտ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ ընդգծում է․ - «Մեր պարտքն է՝ մշակույթը ղեկավարող մարդկանց, նաև մշակույթի մարդկանց պարտքն է հնարավորինս խուսափել այս շուկայական հարաբերություններից արվեստի ներսում: Այլապես մենք ամբողջը հանձնելու ենք շուկային, իսկ շուկան միշտ չէ, որ հաշվի է նստում արժեքի հետ»:
Կոմպոզիտորը նաև կարևորում է հոգևոր երաժշտության դերի բարձրացումը․ - «Մենք առայսօր հոգևոր երաժշտությունը չդարձրինք մեր առօրյա երաժշտական կյանքի կարևոր բաղկացուցիչ մասը: Եթե մենք ուզում ենք գռեհկության դեմ քայլ անել, առաջին հերթին պետք է մեծապես հիմնվենք մեր արմատների վրա»:
Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի համոզմամբ էլ, պատկան մարմինների թույլատվությամբ է, որ ցածրաճաշակ երաժշտությունը այդքան մեծ տեղ է գտել հանրության կյանքում:
«Այդ էժանագինը այնքան հզոր է այսօր, որ ոչ մի ակադեմիական արվեստ չի կարող պայքարել դրա դեմ: Մեր միակ պայքարի ձևն է՝ ինչքան հնարավոր է շատ տալ ակադեմիական համերգ, դասական երաժշտություն ժողովրդի մեջ սերմանել շատ: Այսինքն՝ հեռուստատեսությամբ չի կարելի, օպերային բեմ չի կարելի․․․ թողեք գնան իրենց ռեստորանները ինչ ուզում են անեն», - ասում է Մլքեյանը: