Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի հետախուզական վարչության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինին առաջարկել է զբաղեցնել ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը: Ֆլինն այսօր ընդունել է առաջարկը:
«Երբ Ամերիկայի նախագահը առաջարկ է ներկայացնում, հնարավոր է միայն մեկ պատասխան», - նախօրեին ասել է Թրամփի թիմի անանուն ներկայացուցիչը:
Ֆլինը Բարաք Օբամայի նախագահության օրոք երկու տարի ղեկավարել է պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունը, սակայն 2014 թվականին հրաժարական է տվել և դրանից հետո դարձել է նախագահի արտաքին քաղաքականության խիստ քննադատը:
Նա հատկապես դատապարտում է Օբամայի դիրքորոշումը «Իսլամական պետության» դեմ պայքարում՝ պնդելով, որ հիմա ահաբեկչական հարձակումների ենթարկվելու վտանգի տեսակետից Միացյալ Նահանգներն ավելի անպաշտպան է, քան 2001 թվականի սեպտեմբերի 11-ից առաջ:
Ամռանը Հանրապետական կուսակցության ազգային համագումարում Ֆլինն իր աննախադեպ խիստ ելույթում պնդել է, որ Ամերիկան պարտավոր է առավել ագրեսիվ պայքարել «Իսլամական պետության» դեմ և այդ հարցում սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ:
Թրամփը հետագայում՝ նախընտրական արշավի ընթացքում հանդիպելով ընտրողներին, հաճախ է կրկնել այդ, ինչպես նաև Իրանի հետ կնքված միջուկային գործարքը վերանայելու անհրաժեշտության մասին թեզերը:
58-ամյա Ֆլինը կարող էր համարվել նաև պաշտպանության նախարարի հարմար թեկնածու, սակայն օրենքի համաձայն, նախկին զինծառայողը իրավունք ունի հանրային պաշտոն զբաղեցնել զինված ուժերից հեռանալուց միայն 7 տարի անց, իսկ Ֆլինը պաշտոնաթող է եղել 2014 թվականին: Իսկ խորհրդականների նշանակման հարցում Սենատը դերակատարություն չունի:
Ֆլինը Պենտագոնում աշխատելու տարիներին համարվել է հետախուզության բարձրակարգ մասնագետ, նա հայտնի է նաև որպես իր տեսակետները չթաքցնող, շիտակ խոսող անձնավորություն:
Ֆլինն ասել է, թե 2011-ին Ուսամա բին Լադենին ոչնչացնելուց հետո «Օբամայի վարչակարգը նիրհել է դափնիների վրա՝ աչքաթող անելով այն, որ «Ալ-Ղայդայի մնացորդները կարող են միավորվել և ոտքի կանգնել»:
Երբ Միացյալ Նահանգները դուրս է բերել հիմնական զորքն Իրաքից, Ալ-Ղայդայի մարտիկները միավորվել են ուրիշ զինյալների հետ և ստեղծել են «Իսլամական պետությունը», որը, լինելով շատ ավելի մարտունակ Իրաքի նորաստեղծ բանակի համեմատությամբ, կարողացել է գրավել այդ երկրի տարածքի կարևոր հատվածներ, ապա տեղափոխվել հարևան Սիրիա և այնտեղ էլ տարածքներ զավթել:
Անցյալ տարվա դեկտեմբերին Ֆլինը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցել է պետական հովանավորությամբ գործող Russia Today մեդիա ընկերության 10-ամյակին: Այդ վիճահարույց այցի ընթացքում նա ռուսներին հարցազրույց է տվել, լուսանկարվել է հանդիսավոր ճաշկերույթին Վլադիմիր Պուտինի հետ մի սեղանի շուրջ նստած:
Վաշինգթոնում Russia Today-ն անվանում են «Կրեմլի պրոպագանդայի խոսափող»:
Վերադառնալով Ամերիկա, Ֆլինը պաշտպանել է իր ուղևորությունը՝ ասելով, որ Russia Today-ը վճարել է իր ելույթի համար, և որ այցը «շատ կարևոր տեղեկություններ ստանալու ու սովորելու հրաշալի առիթ էր»:
Հիմա ոչ միայն Ամերիկայում, այլև ամբողջ աշխարհում են ուշադրությամբ հետևում ընտրյալ նախագահի կադրային քաղաքականությունը:
Դոնալդ Թրամփը Կանզասից ընտրված պահպանողական կոնգրեսական Մայք Փոմփեոյին առաջարկել ղեկավարել Կենտրոնական հետախուզական վարչությունը: Այս առաջարկը նույնպես ընդունվել է:
Բացի այդ, ըստ նախնական հաղորդագրությունների, Թրամփը Ալաբաման ներկայացնող հանրապետական սենատոր Ջեֆ Սեշնսյին առաջարկել է Արդարադատության նախարարի պաշտոնը: Ավելի վաղ Թրամփը Սթիվ Բենոնին նշանակել է Սպիտակ տան ռազմավարության պատասխանատու, իսկ Ռեյնս Փրիբուսին՝ իր ապագա աշխատակազմի ղեկավար:
Հավանաբար առաջիկայում Թրամփը կորոշի նաև պետական դեպարտամենտի և Պենտագոնի ղեկավարների նշանակման հարցը: