ՏՏ ոլորտով «աշխարհը շուռ տալու» համար Հայաստանին անհրաժեշտ է նախ «շուռ տալ» երկրի կրթական համակարգը

Մինչ կառավարությունը հայտարարում է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով երկիրը զարգացնելու հնարավորությունների մասին՝ Աշտարակի ամենամեծ դպրոցներից մեկում միայն մեկ համակարգիչ է աշխատում, այն էլ՝ տնօրենի սենյակում: Այս դպրոցում անգամ կաթսայատունն է որպես դասասենյակ օգտագործվում։

«Մենք փաստացի չունենք ինֆորմատիկայի սենյակ 21-րդ դարում, երբ որ մեր կառավարությունը և ամբողջ աշխարհը գնում է դեպի ՏՏ ոլորտի զարգացում, դեպի ծրագրավորում, և դպրոցներում պետք է դրա հիմքը դրվի», - ասաց ինֆորմատիկայի ուսուցիչը՝ հավելելով, որ շատ դժվար է ինֆորմատիկայի դասերն անցկացնել առանց համակարգչի․ - «Դասերը արվում են դասարաններում: Իմ հնարամտությունը պիտի օգտագործեմ, թե ինչպես այդ դասերը անցկացնեմ, քանի որ ուսումնական պլանով մի 90 տոկոսը պրակտիկ է, համակարգչի առջև»:

Նորագույն տեխնիկայով հագեցած դպրոցների կողքին Հայաստանում շարունակում են գործել դպրոցներ, որտեղ անգամ ինֆորմատիկայի դասասենյակ չկա, փաստում են ոլորտի մասնագետները ու շեշտում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով աշխարհը շուռ տալու համար Հայաստանին անհրաժեշտ է նախ շուռ տալ երկրի կրթական համակարգը։

Հիշեցնենք, անցած շաբաթ ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպումներից մեկի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն էր ասել, թե «անհրաժեշտ են այնպիսի ծրագրեր, որոնցով հնարավոր կլինի աշխարհը շուռ տալ»։

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում ոլորտը զարգացել է պետությունից անկախ։ Բայց, իհարկե, կան լուրջ խոչընդոտներ․ - «Մասնագետների լուրջ պակաս կա, և կարծում եմ, կրթական ոլորտը չի կարողանում այս հարցը լուծել և չի էլ կարողանա՝ եթե էս վիճակում մնա: Պետք է քանդել ու նորից հավաքել։ Եղած կրթական համակարգը՝ դպրոցից սկսած մինչև բուհերը հատկապես, խնդիր չի լուծում»:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանի խոսքով՝ արդեն կա հավակնոտ ծրագիր, բայց այն պետք է սկսել զարգացնել հենց այսօրվանից։ Եվ հինգ տարի հետո արդյունքն ակնհայտ կլինի․ - Շատ դժվար է գոյություն ունեցող ենթակառուցվածքում, առավել ևս կրթության մնան կարծր ենթակառուցվածքում որևէ փոփոխություն անելը: Սա միանշանակ պետք է տանի ձախողման: Այսինքն այդ համակարգերը պետք է որոշակի բնականոն ձևով զարգանան: Դու չես կարող արմատական փոխել: Շատ զգույշ պետք է լինենք՝ ձեռք տալու համար գործող համակարգին: Դրա համար մենք ընտրել ենք հետևյալ ճանապարհը․ օրինակ, ինժեներական կրթությունը մենք իջեցրել ենք տասը տարեկան, տարել ենք դպրոց»:

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը էլ համոզված է, որ աշխարհը շուտ տալու հնարավորությունը կա։ Ծրագրեր կան, որոնք կարողանում են Հայաստանը դնել աշխարհի քարտեզի վրա, սակայն, ըստ Ենգիբարյանի, խնդիրը մաշտաբային արդյունք ստանալն է․ - «Աշխարհը շուռ տալու համար մեզ երեք հիմնական բան է պետք, և առաջինը դա կադրերն են: Արդեն խնդիրը ոչ թե կադրերի քանակի ավելացումն է, այլ աշխարհը շուռ տալու համար դու պետք է ունենաս շատ բարձր որակավորում ունեցող կադրեր: Իսկ այդպիսի կադրերը կարող են դուրս գալ միայն բուհական համակարգից»:

Նշենք, որ ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղն է, որը վերջին տասնամյակում աճել է տարեկան միջինը ավելի քան 20 տոկոսով։ Ըստ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, մոտ 15 000 մարդ այժմ աշխատում է 400-ից ավելի գործող ՏՏ ընկերություններում։ Անցած տարի ոլորտից ստացված 550 միլիոն դոլարի ընդհանուր եկամուտը կազմել է երկրի ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոսը։