Հաջորդ տարվա բյուջեի քննարկումը սկսվեց Կարեն Կարապետյանի կառավարության հասցեին քննադատությամբ, ընդ որում իշխող Հանրապետականի կողմից:
«Էս տարիների ընթացքում առաջին անգամ եմ տեսնում, որ բյուջե են քննարկում և կառավարությունը այստեղ չէ: Այսպիսի բան՝ զարմանալի պատմություն է», - հայտարարեց ԱԺ հանրապետական խոսնակ Գալուստ Սահակյանը:
«Հետաձգե՛ք, պարո՛ն Սահակյան», - դահլիճից միացավ մեկ այլ հանրապետական՝ Վարդան Այվազյանը: - «Պարոն Սահակյանը գիտի, ինչն է հետաձգում, երբ է հետաձգում և ինչի համար է հետաձգում», - հակադարձեց ԱԺ խոսնակը:
Գալուստ Սահակյանին աջակցեց նաև ընդդիմադիր Արամ Մանուկյանը․ - «Շնորհակալ եմ, որ կառավարությանը դիտողություն արեցիք: Իսկապես՝ անհարգալից է, պարոնա՛յք նախարարներ: Սա թիվ մեկ փաստաթուղթն է ձեր և ամենակարևոր փաստաթուղթը, որն ընդհանրապես քննարկվում է՝ բյուջեն»:
Ազգային ժողով ներկայացած միակ՝ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը դիտողություններն ընդունեց. գործընկերները ճանապարհին են: Զեկուցեց՝ բյուջեն «պահպանողական է, կայունացման», բերած փաստաթուղթը հաջորդ տարի թոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացում չի նախատեսում:
«2017 թվականի համար մենք կանխատեսում ենք 3.2 տոկոս իրական աճ, նպաստող կլինի արդյունաբերությունը, որը ակնկալում ենք՝ աճելու է 5.5 տոկոսով, ծառայությունները՝ 2.8 տոկոսով», - նշեց Արամյանը:
2017-ի բյուջեն շուրջ 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ է կամ ավելի քան 2 միլիարդ 800 միլիոն դոլար՝ մի քանի միլիոն դրամի տարբերությամբ այս տարվա հետ: Հարկային եկամուտները, ըստ փաստաթղթի, ընդամենը 0,3 տոկոսով են ավելանալու: Այս թիվը Հայ ազգային կոնգրեսից Արամ Մանուկյանի տարակուսանքն առաջացրեց․ - «Արդյո՞ք սա չի հակասում Ձեր կառավարության այն աղմկոտ, ռեֆորմատոր մուտքին, որ գալու եք և լուրջ ռեֆորմներ անեք ստվերի, կոռուպցիայի դաշտում: Եթե մենք ունենք 40 տոկոսանոց ստվեր, ընդ որում՝ Ձեր զեկույցի մեջ մի անգամ գոնե ստվեր բառը չհնչեց, ո՛չ մենաշնորհ, ո՛չ ստվեր, ո՛չ կոռուպցիա, իսկ մենք բոլորս գիտենք, որն է մեր բյուջեի հիվանդոտ տեղերը․․․ 0.3 տոկոսը նշանակում է ուղղակի ոչինչ չանել»:
Թեման շարունակեցին «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը:
«Եթե մենք ուզում ենք լուրջ պայքար սկսել ստվերի դեմ, կոռուպցիայի դեմ, այլ ծրագրեր ենք իրականցնում բիզնեսի աջակցման համար, բնականաբար, 3.2 տոկոս աճը կրելու է ընդամենը գոյատևման բնույթ», - հայտարարեց Մելքումյանը:
Զոհրաբյանը հարց ուղղեց նախարարին․ - «Ստվերը քանի՞ տոկոս է մեր տնտեսության մեջ այս պահին պաշտոնապես: Պետք է բոլորին բերել հարկային դաշտ և մենաշնորհատերերի մենաշնորհները ձեռքի մեկ հարվածով փակել: Դա արվե՞լ է, արվո՞ւմ է, թե ոչ»:
«Պաշտոնապես ցուցանիշ ստվերի վերաբերյալ՝ եթե մենք իմանայինք դա ինչքան է, դա ստվեր չի լինի, դա կլինի ֆորմալ հատված: Գնահատականներ կան ստվերի մասին՝ մոտավորապես 30 տոկոս է գնահատվում: Ստվերի դեմ պայքարի միակ տարբերակը դա ճիշտ գործիքակազմով տնտեսավարողներին բերել նորմալ հարկային դաշտ», - պատասխանեց ֆինանսների նախարարը:
Դեֆոլտի մասին ահազանգած Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը՝ Լևոն Զուրաբյանը, Վարդան Արամյանին հիշեցրեց՝ ինքը նախարարն է ասել, որ առնվազն 5 տոկոսանոց աճի դեպքում միայն հնարավոր կլինի արտաքին պարտքի փոսից դուրս գալ, ուրեմն այս 3,2 տոկոսով ի՞նչ է լինելու: - «Այս կառավարությունը ինչո՞ւ է վերցրել երկրի կառավարման ղեկը, թող զիջի մեկ այլ կառավարության, որը ունի իրատեսական ծրագիր երկիրը զարգացնելու համար», - շարունակեց Զուրաբյանը:
«Ճիշտ հակառակը՝ մենք պարտքային փոսից դուրս ենք գալիս», - պատասխանեց նախարարը:
Նիկոլ Փաշինյանն ընդհանրացրեց․ - «Ես Ձեզ լսում էի, և ուզում էի հասկանալ՝ իսկ ի՞նչ է Ձեր կառավարությունը անում այլ կերպ, քան անում էր նախորդ կառավարությունը կամ նրա նախորդ կառավարությունը: Տպավորություն եմ ստանում, թե կառավարության անդամ լինելը, կներեք՝ լատարեյի նման բան է»:
Բյուջեի քննարկումը շարունակվելու է վաղը՝ խորհրդարանի արտահերթ նիստում: