Հայ դատի հանձնախմբի ղեկավարը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ

Փոլ Ռայան, արխիվ

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի խորհրդի նախագահ Րաֆֆի Համբարյանն օրերս հանդիպում է ունեցել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի հետ, ով նախօրեին միաձայն վերընտրվել է իր պաշտոնում: Հանձնախմբի տարածած հաղորդագրության համաձայն, այդ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի հայ համայնքին մտահոգող արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

Համբարյանն ընգծել է իր ներկայացրած կազմակերպության պատրաստակամությունը՝ սատարել ներկայացուցիչների պալատի խոսնակի և նրա նորընտիր թիմի, ինչպես նաև դեմոկրատների առաջնորդների ջանքերին՝ համատեղորեն առաջ մղել ԱՄՆ-ի հայազգի ընտրողներին մտահոգող խնդիրները, Կոնգրեսի 2017 թ․ հունվարին կայանալիք 115-րդ նիստին քննարկելու համար:

«Ես ուրախ եմ նորընտիր խոսնակի հետ հայացքներ փոխանակելու հնարավորության համար: Նա խոր արմատներ ունի Վիսկոնսինում, որտեղ բավական կենսունակ հայ համայնք կա»,- ասել է Համբարյանը, շարունակելով․ «Մեր կազմակերպությունը մեծապես շահագրգիռ է՝ աշխատել խոսնակ Ռայանի և Պալատի մեծամասնության առաջնորդ Մքքարթիի հետ՝ նպատակ ունենալով առաջիկա վարչակազմին հաղորդակից դարձնել ամերիկահայերին մտահոգող խնդիրներին»:

Ըստ Համբարյանի, այդ խնդիրներից են «Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանությունը մերժող կեցվածքի հանդեպ ԱՄՆ-ի հանդուրժողական վերաբերմունքը, անկախ Արցախի Հանրապետության անվտանգությունն ու ինքնորոշումը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տնտեսական, քաղաքական ռազմական հարաբերությունների զարգացումը»: