Հայկական կողմն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա ժողովուրդի ինքնորոշման իրավունքին չի հակասում: Ռուսաստանյան «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ասել է, որ ղարաբաղյան խնդիրը մի քանի անգամ մոտ է եղել լուծմանը, և տարածքային ամբողջականության սկզբունքը նույնպես ներառված է եղել փաստաթղթում, բայց Ադրբեջանը միշտ ետ է կանգնել ստորագրելուց։
«Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը` մայրաքաղաքին և ժողովրդին, որը բնակվում է իր պատմական հայրենիքում։ Եթե մենք անտեսում ենք ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից: Չէ՞ որ դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Ուստի այս սկզբունքները միմյանց չեն հակասում»,- ասել է Սարգսյանը։
Վերջինիս խոսքով՝ հայկական կողմը հիմա էլ պատրաստ է վերադառնալ բանակցություններին, բայց մինչ այժմ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում ընդունված հայտարարության կետերը՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորությունների ընդլայնումը, չեն կատարվել։ Պատճառը, ըստ Հայաստանի նախագահի, Ադրբեջանն է։
«Մենք ուզում ենք և պատրաստ ենք ստորագրել հրադադարի խախտման հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու մասին համաձայնությունը թեկուզ վաղը, թեկուզ այսօր երեկոյան։ Մենք ցանկանում ենք, որպեսզի թե՛ համանախագահները, թե՛ համաշխարհային հանրությունը ստույգ իմանան, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Պատասխանելով Հայաստանի կողմից «Իսկանդեր» ձեռք բերելու մասին հարցին, նախագահն ասել է, որ հայկական կողմը Ռուսաստանի հետ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու մասին պայմանագիր ունի և կարծում է՝ Ռուսաստանը դրանից ելնելով է ընդառաջել Հայաստանի խնդրանքին և տրամադրել «Իսկանդեր»-ը։ «Կարծում եմ, որ դա հարկադրված միջոց էր` մեր տարածաշրջանում ռազմական իրավիճակն ինչ-որ կերպ հավասարակշռելու համար։
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարվա ընթացքում կանոնավոր ձեռք է բերել նորագույն սպառազինություն։ Մենք չունենք ֆինանսական այն հնարավորությունները, որոնք ունի Ադրբեջանը, բայց մենք անընդհատ փորձում ենք հավասարակշռել իրավիճակը` ձեռք բերելով հակաթույն։ Իմ կարծիքով` այս դեպքում «Իսկանդեր»-ը հակաթույն է։ Իհարկե, սպառազինությունների մրցավազքը լավ իրավիճակ չէ, և մենք չենք ցանկանում գնալ այդ քայլին, իսկ ի՞նչ անել, եթե ամեն օր քեզ սպառնում են պատերազմով, կործանմամբ»- ռուսաստանյան լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով, խնդիրը պետք է փոխզիջումների միջոցով լուծվի, և սա այն դեպքը չէ, որ հաղթել է Հայաստանը կամ Ադրբեջանը, կամ էլ Ղարաբաղը։ Լրագրողի հարցին՝ երկու երկրների ղեկավարների միջև թեժ գիծ չի՞ գործում, Սարգսյանը բացական է պատասխանել, հավելելով, որ 90-ականներին՝ երբ ինքը պաշտպանության նախարար էր, իր ադրբեջանցի գործընկերոջ հետ նման կապ ուներ և հրատապ հարցերը քննարկում էին: Հիմա նման գծի ստեղծման հարցում Սարգսյանը դրական է տրամադրված։
«Կարելի է, եթե դա օգուտ տա, եթե մենք արագ արձագանքենք իրադարձություններին։ Ենթադրենք, շփման գծում ինչ-որ մեկը կրակում է: Մեր տվյալներով` ադրբեջանցիներն են կրակում, ես վերցնում եմ լսափողը, զանգահարում եմ Ադրբեջանի նախագահին և ասում` կրակում են։ Եվ նա իրականությունը ստուգում է»,- ասել է Սարգսյանը։
Անդրադառնալով ապրիլյան պատերազմում Ռուսաստանի դերին, Սարգսյանն ասել է, որ մարտական գործողությունները դադարեցնելու գործում Ռուսաստանի դերն առանցքային է եղել։ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը Մոսկվայում են պայմանավորվել դադարեցնել մարտական գործողությունները: Վլադիմիր Պուտինն էլ իր հետ զրույցում կարևորել է հարցի խաղաղ կարգավորումը։
«Հայ հասարակության մեջ միանշանակ չընդունվեց Ռուսաստանի հավասարակշռված քաղաքականությունը, համենայն դեպս՝ զանգվածային լրատվամիջոցների, ԱԳՆ-ի մակարդակով։ Կարելի է հասկանալ հայ հասարակությանը, որովհետև Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնությունը համոզված էր, որ վտանգի դեպքում Ռուսաստանը միշտ կլինի Հայաստանի կողքին։ Բայց, ինչպես ասում են՝ երազելը վնաս չէ… մարդկանց մի մասը հասկացավ, որ Ռուսաստանը ստիպված էր պահպանել հավասարակշռություն, հակառակ դեպքում դա կարող էր հանգեցնել ավելի լայնածավալ գործողությունների»։ Հայաստանի նախագահը ասել է նաև, թե վերջնական խաղաղության հույս ունի, բայց Ադրբեջանն «անկանխատեսելի երկիր է»։
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը, Սերժ Սարգսյանը նշել է, թե համոզված է՝ այդ միությանն անդամակցելը ճիշտ որոշում էր, և Հայաստանը դրանից ոչ միայն չի կորցրել, այլև շահել է։ Նախագահի խոսքով, Հայաստանի անդամակցությունը համընկավ պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացման հետ, և դա ազդեց նաև Հայաստանի վրա: Սարգսյանը, սակայն, վստահ է՝ մեկ-երկու տարի հետո Հայաստանի քաղաքացիները կզգան միության առավելությունները։
«Այս տարի գրեթե 50 տոկոսով ավելացրել ենք արտահանումը։ Դա մեծ մասամբ կապված է Եվրասիական տնտեսական միության հետ։ Մեզ համար դա շատ կարևոր է։ Շատ դրական բաներ կարելի է ասել։ Հարցն այն է, որ ինչպես ցանկացած գործում, մարդիկ արագ արդյունքի են սպասում։ Այսօր մտանք, իսկ վաղը պետք է երկու-երեք անգամ ավելի լավ ապրենք։ Մենք հասկանում ենք, որ այդպես չի լինում։ Ավելի լավ է ունենալ դանդաղ, կայուն աճ։ Ուստի ԵՏՄ-ն մեծ ապագա է, ամեն դեպքում` մեզ համար»։
Սարգսյանի խոսքով, իր երազանքն է, որ իրագործվի ազգային գաղափարը՝ իսկ դա ուժեղ, ամուր պետություն դառնալն է, խնդիրներ չունենալը Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Նախագահը երազում է, որ Ղարաբաղը լինի կամ Հայաստանի կազմում, կամ էլ՝ անկախ պետություն։ Իսկ ամենաանհավանական երազանքն այն է, որ բոլոր հայերը Հայաստան գան։ Սերժ Սարգսյանն ասել է նաև, թե մեծ հույսեր է կապում վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության հետ, որի խնդիրը տնտեսական աճի ապահովումն է։
«Մեր ցուցանիշները չեն բավարարում ո՛չ մեզ, ո՛չ Հայաստանի քաղաքացիներին։ Նրանք ավելին են պահանջում, մենք նույնպես, ավելին ենք ցանկանում։ Ես հուսով եմ և կարծում եմ, որ մենք գնում ենք դրան, և նոր կառավարությունը պատվով կկատարի այդ խնդիրը։ Ես դրանում գրեթե համոզված եմ»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Նախագահը կարծում է, որ առաջիկայում տնտեսական աճը կարագանա, քանի որ թե՛ վարչապետը, թե՛ իշխանությունը տրամադրված են: Սարգսյանն այդ գործում նոր կառավարությանը շարժիչ ուժ է համարում։