Պաշտպանության նախարարության նախաձեռնած քննարկումների շրջանակում չորեքշաբթի օրը երեկոյան Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Հանրային խորհրդի անդամների հետ:
Նախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագիրը, «Ազգ-բանակ» գաղափարի կյանքի կոչման դրույթները:
Տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրի ներդրման նպատակահարմարության, արդյունավետ կիրառման և կառավարման, թափանցիկ վերահսկման մեխանիզմների ձևավորման անհրաժեշտության, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին աջակցելու հասարակության պատրաստակամության և այլ հարցերի շուրջ:
Հաշվի առնելով քննարկվող նախագծի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը` Հանրային խորհրդի անդամներն ընդգծել են նման քննարկումների և տեսակետների փոխանակման կարևորությունը: