«Հազար դրամների օրինագծի» քննարկումն ավարտվեց

Ազգային ժողովն այսօր ավարտեց այսպես կոչված «հազար դրամների օրինագծի» քննարկումը, որով նախատեսվում է աշխատող քաղաքացիներից ամսական 1000 դրամ հավաքել՝ ծառայության ընթացքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները հատուցելու նպատակով: Վաղն առավոտյան արդեն պատգամավորները պետք է քվեարկեն:

Պաշտպանության նախարար և գաղափարի հեղինակ Վիգեն Սարգսյանը՝ հորդորեց օրինագծին դեմ արտահայտվող պատգամավորներին՝ դեմ կոճակը չսեղմել: - «Դա շատ կարևոր ազդակ կլինի նրանց, ովքեր հետևում են այս քվեարկությանը և ոչ միայն Հայաստանում», - նշեց նա:

Նախարարն ասաց` խորհրդարան է եկել Եռաբլուրից, որտեղ հարգանքի տուրք էր մատուցում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին, և ևս մեկ անգամ համոզվել է՝ իր նախաձեռնությունը ճիշտ է: Բանակի սպայակազմի, գեներալների վրա ցեխ շպրտելն՝ ասաց, իր համար մտահոգիչ է․ - «Եթե կա մեկը, որ արատավորել է, մեր պարտքն է դա հայտնաբերել և ճիշտ քաղաքականությամբ բացառել ապագայում, նաև՝ բռնել ձեռքը և կտրել, և պատժել: Բայց եկեք չմոռանանք, որ կան պարկետի վրա ցեխի մեջ թաթախված և՛ երբեմնի զինվորականներ, և՛ քաղաքացիականներ: Եվ եթե այդ տրամաբանությամբ լիներ, ես պետք է մտածեի՝ Ազգային ժողով միշտ ե՞ս պետք է գամ, թե՞ մեկին ուղարկեմ իմ փոխարեն, որովհետև այստեղ էլ կան մարդիկ, որոնք խորը թաթախված են: Ուրեմն եկեք մտածենք, թե ում վրա ինչ ցեխ ենք շպրտում»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ իրենք կողմ են քվեարկելու, սակայն մտահոգված են, որ խորհրդարանում բարձրաձայնված խնդիրները և հնչեցված քննադատությունը փորձ է արվում այլ կերպ մեկնաբանել: - «Ինձ զարմացրեցին այստեղ հնչած մի քանի ելույթներ, ովքեր համառորեն փորձում են տրանսֆորմացնել մեր մտահոգությունը, որ մենք դեմ ենք ազգ – բանակ գաղափարին և մենք դեմ ենք համազգային տուրքի՝ այս շատ կարևոր գաղափարին: Կա՛մ իրենք միտումնավոր են խեղաթյուրում մեր մտահոգությունները, կա՛մ պարզապես սովորական դեմագոգիա է», - ասաց Զոհրաբյանը:

«Օրինաց երկիր» խմբակցությունը ևս կաջակցի օրինագծին, ազգ - բանակ գաղափարին․խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, սակայն, ասաց՝ ինքը, որպես պատգամավոր, բերված նախագծում ամրագրված որոշ մոտեցումներին դեմ է, տեղ գտած անարդարությունները բարձրաձայնողներին ամոթանք տալն էլ ճիշտ չի համարում:

«Սնկի նման աճել են թալանչիները, գանձագողերը: Սնկի նման աճել են միլիոնանոց տները: Ի՞նչ է, ամո՞թ է, որ տեսնում ենք, ամո՞թ է, որ խոսում ենք: Ամոթանք են տալիս մարդկանց, որոնք բարձրաձայնում են, մինչդեռ պետք է ամոթանք տալ մարդկանց, որոնք դա արել են», - հայտարարեց Բիշարյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց՝ ընդունում են այն քննադատությունը, որ հնչում է գաղափարն ընդունող սրտացավ մարդկանց կողմից: Մերժողներն, ըստ Ռուստամյանի, գուցե չեն պատկերացնում, ինչ մարտահրավերներ կան Հայաստանի առջև: - «Մենք կնմանվենք այն մարդուն, ով անընդհատ դժգոհում է խավարից, փոխանակ մի մոմ վառի: Լավ, դու քո չափով քո մոմը վառի, և ազգովի էլ պահանջենք, որպեսզի նա, ով հազար մոմանոց լամպ ունի, նա էլ վառի, ստիպենք, որ նա դա անի: Եթե չի անում՝ այդ լամպը ձեռքից առնելու, կարող է՝ չի հասկացել, որ լամպը գյոռը չի տանելու, և չի էլ հասկացել, որ կարող է՝ վերջում էդ թշնամին է ձեռքից առնելու, եթե իր հազար մոմանոց լամպը չվառեց»:

«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը քննադատեց Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունը, ասաց պաշտպանության կամ բանակի հետ օրինագիծն իրականում կապ չունի, հանրությունն այն ընկալում է որպես ազգային մուրացկանության նախագիծ: Ընդդիմադիր պատգամավորն ասաց՝ բոլորի համար ազգային տուրքը չի կարող հավասար 1000 դրամ լինել և հիշեց պատմությունը․ - «Հայոց արքունիքի կանայք, երբ պետք էր լինում մասնակցել մեր պաշտպանությանը, ապա իրենց զարդերը հանում էին և դնում էին սեղանին: Այսօրվա նորանշանակ նախարարի տիկինը, պարզվում է, մի քանի տարվա ընթացքում դարձել է միլիոնատեր: Այս միլիոնատեր տիկինը նույնպես պետք է վճարի ընդամենը 1000 դրամ, և մեր բնակչության աղքատ խավը նույնպես պետք է մասնակցի և վճարի 1000 դրամ: Դուք հիմա ուզում եք ասել, որ սա ազգային տուրք է՞: Իհարկե, սա ազգային տուրք չէ, սա մուրացկանություն է»:

Վիգեն Սարգսյանը, սակայն, պնդեց՝ տուրքը պետք է հավասար լինի բոլորի համար․ - «Ինքը պետք է հավասար լինի, որովհետև այդ մարդկանց նկատմամբ մենք բոլորս հավասար ենք»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս քննադատեց օրենքի նախագիծը, ասաց՝ մերժում են այն, կարելի էր պահանջվող գումարը վերցնել արդեն վճարվող եկամտահարկից, կամ, օրինակ, կրճատել ոստիկանների թիվը և տնտեսվող գումարն ուղղել հիմնադրամին․ - «Փոխանակ վերադարձնեն թալանված միլիարդավոր դոլարները և կրճատեն բյուջեի անարդյունավետ ծախսերը, 5 միլիարդ դրամ ապահովելու համար իրենց հենց կողմից աղքատացրած ժողովրդից փորձում են տանել հացի վերջին փողը: Ժողովրդի զայրույթը սրանից է»:

Պաշտպանության նախարարն իր եզրափակիչ խոսքում հակադարձեց․ - «Ընթացիկ բյուջեի հաշվին արվում է շատ բան՝ «Իսկանդերից» մինչև ածելի, ամեն ինչ արվում է այդ բյուջեի հաշվին: Իմ առաջարկած քաղաքականության իմաստն էր տարանջատել դրանից ազգային հարգանքի տուրքը»: