Մոլդովայի արտգործնախարար․ Ռուսաստանն աջակցել է Մոլդովայի նորընտիր նախագահին

Անդրեյ Գալբուր խոսքով, Ռուսաստանն աջակցել է ռուսամետ սոցիալիստ Իգոր Դադոնին, ով կիրակի օրը Մոլդովայում կայացած նախագահական ընտրություններում ձայների տպավորիչ առավելությամբ հաղթանակ տարավ եվրաինտեգրացիայի կողմնակից Մայա Սանդուի նկատմամբ:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը, ով աշխատանքյաին այցով Երևանում է, մանրամասնեց, թե նախընտրական փուլում Կրեմլը աջակցող ուղերձներով է հանդես եկել հօգուտ Դադոնի:

«Ազատության» հարցին, թե արդյոք Ռուսաստանը միջամտել է նախընտրական փուլում, Գալբուրը պատասխանեց․ - «Սա շատ դժվար հարց է, և ոչ ոք չի կարող հստակորեն ասել՝ արդյոք միջամտե՞լ է Ռուսաստանը: Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը Իգոր Դադոնին աջակցող ուղերձներ էր հղում, և սա բնորոշ էր ոչ միայն այս նախագահական ընտրություններին, այլև նախորդ ընտրություններին: Մենք կարող ենք ասել, որ Ռուսաստանը մեծ ուշադրություն էր դարձնում Մոլդովայի նախագահական ընտրություններին, և Իգոր Դադոնին աջակցող բազմաթիվ ուղերձներ հնչեցին՝ ներառյալ ռուսաստանյան լրատվիամիջոցներով»:

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հաձնաժողովի տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Իգոր Դադոնի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցածների ավելի քան 52 տոկոսը, մինչդեռ Կրթության նախկին նախարար Մայա Սանդուն ստացել է քվեների 47 տոկոսը:

Արևմտյան մամուլն արդեն իսկ գրում է Արևելյան Եվրոպայում Կրեմլի հաջողությունների մասին:

«Այսօր արդեն Մոսկվան ստացավ նոր դաշնակիցներ Արևելյան Եվրոպայում, որը համարում է իր հետնամուտքը», - նշել է The Wall Street Journal-ը՝ փաստելով, որ նույն օրը Բուլղարիայում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է սոցիալիստ Ռումեն Ռադևը, ով դեմ է Ղրիմի հարցի հետ կապված Կրեմլի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին և խոստանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Ի դեպ, խորհրդարանական հանրապետություն հանդիսացող Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դադոնը խոստացելէ շրջադարձ կատարել Եվրամիությունից Ռուսաստան՝ չեղարկելով Եվրամիության հետ կնքված Ասոցացման համաձայնագիրն ու մտնել Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միություն:

«Իմ առաջին պաշտոնական կանգառը Մոսկվան է լինելու», - հաղթանակից հետո ասել է նա «Ռոսիա 24»-ի եթերում՝ նախազգուշացնելով, որ եթե խորհրդարանի եվրոպամետ ուժերը խոչընդոտեն, կցրի օրենսդիր մարմինը կամ սահմանադրական հանրաքվե կնախաձեռնի՝ իր լիազորություններն ընդարձակելու համար:

Այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համտեղ ասուլիսում Անդրեյ Գալբուրը անդրադարաձավ նաև հարցին, թե արդյոք Մոլդովայի արտաքին քաղաքականությունը փոխվելու է Դադոնի նախագահության օրոք․ - «Չեմ կարծում, որ հսկայական փոփոխություներ են սպասվում Մոլդովայի արտաքին քաղաքականությունում և գաղտնիք չէ, որ արտաքին քաղաքականությունն ուղղված է երկրի եվրոպական արդիականացմանը, անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը, որպեսզի արագացվի եվրաինտեգրման գործընթացը: Ցանկանում եմ նաև նշել, որ Պավել Ֆիլիպի կողմից ղեկավարվող Մոլդովայի կառավարությունը ի սկզբանե համատեղում էր այս առաջհերթությունը այլ առաջնահերթության հետ, որն առկա է Մոլդովայի կառավարության գործողությունների ծրագրում, և դա Ռուսաստանի հետ պրագմատիկ, կառուցողական և գործընկերային հարաբերությունների ստեղծումն է»։