«Սասնա ծռեր»-ից Արմեն Բիլյանին առաջադրվեց նաև սպանության մեղադրանք

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ՊՊԾ գնդի գրավված տարածքում, 17-ը հուլիսի, 2016թ․

Հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաև ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության և զենքի հափշտակության համար։ Այդ մասին «Ազատությանը» հայտնեց մեղադրյալի փաստաբան Արմինե Ֆանյանը:

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելու ժամանակ հրազենային վերքեր ստացած Գագիկ Մկրտչյանը մահացել է հիվանդանոցում:

Արմեն Բիլյանը մինչ այժմ մեղադրվում էր պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, ինչպես նաև զենք, ռազմամթերք հափշտակեու կամ շորթելու մեջ։

Այս պահին դատարանը քննում է Բիլյանի և «Սասնա ծռեր»-ի մեկ այլ անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգելու հարցը:

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ