ԹԻ զեկույց․ Հայաստանը՝ ամենալուրջ կոռուպցիոն խնդիրներ ունեցող երկրների թվում

Ժամեր առաջ հրապարակվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) միջազգային կազմակերպության «Գլոբալ կոռուպցիոն բարոմետր» զեկույցը:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 42 երկրներում խոսել է 60 հազար մարդկանց հետ: Ըստ ուսումնասիրության, Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա կոռուպցիոն ամենալուրջ խնդիրները ունեն Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Լիտվան, Սերբիան ու Բոսնիա և Հերցեգովինան: Այս պետությունների քաղաքացիները ամենավատ գնահատականներն են տվել իրենց երկրների կոռուպցիոն մակարդակին: Նրանք, այդ թվում՝ Հայաստանում, նշում են խորհրդարանի անդամների բարձր աստիճանի կոռումպացված լինելը, երկրում կաշառակերության բարձր մակարդակը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում, հակակոռուպցիոն գործողություններում՝ թույլ պայքարը և քաղաքացիական բացասական միջավայրը:

Տարբեր աղյուսակներով տվյալներ են բերված: Ըստ դրանց՝ Հայաստանում 37 տոկոսը կոռուպցիան դասել է երկրի հիմնական երեք խնդիրների շարքում, 42 տոկոսը ամենակոռումպացվածների շարքում դասել է խորհրդարանի պատգամավորներին: Հայաստանցիների 65 տոկոսը գտնում է, որ կառավարությունը, իշխանությունը վատ է պայքարում կոռուպցիայի դեմ, 24 տոկոսի կարծիքով՝ Հայաստանում տարածված է կաշառակերությունը:

Հայաստանում ցածր տոկոս են կազմում կաշառակերության մասին հայտնողները՝ ընդամենը 10-ից 1-ը: Նույն ցուցանիշն է Ադրբեջանում, Բելառուսում, Հունաստանում, Լիտվայում և Լատվիայում:

Ուսումնասիրությունում նշված է, որ կաշառակերությունը դեռ շատ է տարածված հատկապես ԱՊՀ երկրներում: Հանրային ծառայություններից օգտվողների մեկ երրորդը կամ շուրջ 30 տոկոսը անցած մեկ տարվա ընթացքում կաշառք է տվել: ԱՊՀ անդամ երկրներում համարում են, որ ամենամեծ կաշառակերները ճանապարհային ոստիկաններն են, պաշտոնական փաստաթղթեր տվող չինովնիկները, դատարանները, կրթության և առողջապահության համակարգերը՝ դպրոցներ, հիվանդանոցներ, գործազրկության կամ այլ կարգի նպաստներ ձևակերպող չինովնիկները:

Իսկ ընդհանուր տվյալներով՝ Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա 3 քաղաքացիներից 1-ը կարծում է՝ կոռուպցիան իր երկրի ամենամեծ մարտահրավերներից մեկն է, 53 տոկոսի կարծիքով՝ իշխանությունները անբավարար են պայքարում կոռուպցիայի դեմ, 23 տոկոսի կարծիքով՝ այդ պայքարը բավարար է, 3-ից 1-ը գտնում է, որ ամենակոռումպացվածները կամ ամբողջովին կոռումպացվածները խորհրդարանի պատգամավորներն ու կառավարության անդամներն են, 22-27 տոկոսը ամենակոռումպացվածներ են համարում նաև գործարար ղեկավարներին, տեղական իշխանություններին, նախագահի կամ վարչապետի վարչակազմի աշխատակիցներին, հարկային, մաքսային աշխատողներին, ոստիկաններին: 5-ից 3-ի կարծիքով՝ մեծահարուստները չափից դուրս շատ և անհարկի ազդեցություն են ունենում իշխանությունների որոշումների վրա:

Կոռուպցիայի, կաշառակերության մասին չհայտնելու հիմնական պատճառներից մեկը վրեժխնդրությունից վախն է՝ մոտավորապես մեկ երրորդը կամ 30 տոկոսը վախենում է հետևանքներից, նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի զեկույցում: