Չհայտարարված այց` «Սևան» ՔԿՀ

Արման Թաթոյան, ՀՀ օմբուդսմեն

Օմբուդսմենի գրասենյակից հաղորդում են, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկուշաբթի օրը չհայտարարված այց են իրականացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

Օմբուդսմենի գրասենյակից հաղորդում են, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները երկուշաբթի օրը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք հանդիսանում են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներ, իրականացրել են չհայտարարված, մոնիթորինգային այց «Սևան» քրեակատարողական հիմնարկ:

Ըստ հաղորդագրության, խմբի անդամներն այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել են քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին:

«Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը, ինչպես նաև այդ անձանց իրավունքների իրացման հնարավորությունները: Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն: Այցի շրջանակներում հանդիպում է կայացել նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ և քննարկվել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր», - ասված է հաղորդագրությունում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից նշում են, որ արձանագրված մի շարք խնդիրների կապակցությամբ Պաշտպանի կողմից նախապատրաստվում են համապատասխան հարցումներ: