Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու՝ Ռուսաստանի կառավարության առաջարկին և հանձնարարել է ստորագրել այն:
Ռուսաստանի կառավարության իրավական տեղեկատվության կայքում նոյեմբերի 12-ին հրապարակված փաստաթղթում նշված է. - «Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդունել է Հայաստանի հետ Զինված ուժերի միացյալ զորամիավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին կառավարության ներկայացրած առաջարկը: Հանձնարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, արտգործնախարարության մասնակցությամբ, հայկական կողմի հետ բանակցել և համաձայնության հասնելուց հետո Ռուսաստանի անունից ստորագրել նշված համաձայնագիրը»:
Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ ըստ համաձայնագրի՝ Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով ստեղծվում է երկու երկրների միացյալ զորախումբ, որն ի զորու կլինի համարժեք արձագանքել զինված հարձակմանը (ագրեսիային), ինչպես նաև «կողմերի անվտանգության այլ սպառնալիքներին և մարտահրավերներին»:
Երկու երկրների պաշտպանության նախարարությունները մշակելու և իրենց գերագույն գլխավոր հրամանատարների մոտ հաստատելու են միացյալ զորախումբը կիրառելու պայմանները: Նրանք նաև որոշելու են զորախմբի կազմը:
Ըստ համաձայնագրի՝ միացյալ զորախմբի հրամանատարին նշանակելու է Հայաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Ռուսաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ:
Խաղաղ ժամանակ զորախումբը ենթարկվելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբին, իսկ պատերազմական ժամանակ կախված իրավիճակից՝ նաև «Ռուսաստանի Հարավային օկրուգի զորքերի հրամանատարին»:
Փաստաթղթում նշված է, որ կողմերը ինքնուրույն են իրականացնելու միացյալ զորախմբում ընդգրկված իրենց զորքերի նյութատեխնիկան և ֆինանսական ապահովումը:
«Համաձայնագիրը որևէ երրորդ պետության դեմ ուղղված չէ»,- ընդգծված է ռուս-հայկական համատեղ զորախումբ ստեղծելու փաստաթղթում:
Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հինգ տարի ժամկետով, եթե որևէ կողմը չի հայտարարի սույն համագործակցությունը դադարեցնելու ցանկության մասին, ապա ժամկետը լրանալուց հետո, այն մեխանիկորեն ևս հինգ տարով երկարաձգվում է:
Պաշտոնական հաղորդագրությունից բացի ՏԱՍՍ-ը զրուցել է նաև ռազմական ոլորտի փորձագետ, Арсенал Отечества ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկու հետ, ով կարծիք է հայտնել, թե ռուս-հայկական միացյալ զորախմբի ստեղծումը, որը բացառապես պաշտպանական խնդիրներ է իրականացնելու, կլինի երկու երկրների ռազմական ոլորտի համագործակցության հաջորդ քայլը: Նրա կարծիքով, դա անհրաժեշտ և ճիշտ քայլ է, քանի որ ի տարբերություն դաշինքային հարաբերությունների, միացյալ ռազմական զորախմբում միջոցները և ուժերը ավելի արդյունավետ կբաշխվեն:
Арсенал Отечества-ի գլխավոր խմբագիրը նաև նշել է, որ այդ զորախումբը զսպող գործոն կլինի Ադրբեջանի որոշ «տաք գլուխների համար», միաժամանակ ընդգծելով, որ զորախումբը հարձակողական խնդիրներ չի ունենալու:
«Ես հիմա չեմ խոսում Ադրբեջան պետության մասին, այլ նկատի ունեմ առանձին գործիչների, որոնք մտադիր են, կամ երազում են քաղաքական խնդիրները լուծել ռազմական մեթոդներով»,- ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը ասել է ասել Վիկտոր Մուրախովսկին: