Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ռուսամետ սոցիալիստ Իգոր Դոդոնը ձայների տպավորիչ առավելությամբ հաղթանակ տարավ եվրաինտեգրացիայի կողմնակից Մայա Սանդուի նկատմամբ:
Ըստ երկրի Կենտրոնական ընտրական հաձնաժողովի, Դոդոնի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցածների ավելի քան 52 տոկոսը, մինչդեռ կրթության նախկին նախարար Սանդուն ստացել է քվեների 47 տոկոսը: Մինչ վերջնական արդյունքների ամփոփումը, Դոդոնն արդեն իսկ հայտարարել է իր հաղթանակի մասին՝ ընդդիմադիրներին կոչ անելով՝ չգնալ սադրանքների: «Ընտրություններն ավարտվել են, մարդիկ տվել են իրենց ձայնը, եկեք չսրենք իրավիճակը, մեզ պետք չեն սադրանքներ ու իրավիճակի ապակայունացում»,- ասել է նա:
Մի խումբ ընդդիմադիրներ, մինչդեռ, ողջ գիշեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ բողոքի ցույց էին անցկացնում՝ պահանջելով ընտրությունների երրորդ փուլ կազմակերպել: Ցուցարարները պնդում են, թե Եվրոպայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Լոնդոնում, Բուխարեստում, քվեաթերթիկները սպառվել են ընտրությունների ավարտից ժամեր առաջ՝ հարյուրավոր մարդկանց զրկելով քվեարկելու իրավունքից: «Սա անընդունելի է»,- կեսգիշերն անց հայտարարեց պարտված թեկնածու Մայա Սանդուն:
«Ցավոք, ընտրությունները վատ էին կազմակերպված: Մինչդեռ, մենք վաղուց էինք իշխանություններից պահանջել՝ լուծել քվեաթերթիկների հարցը, ինչպես նաև՝ ավելացնել ընտրատեղամասերն արտերկրի այն քաղաքներում, որտեղ մեծ թվով մոլդովացիներ են ապրում: Մեր խնդրանքները, սակայն, այդպես էլ մնացին անարձագանք»,- ասել է Սանդուն: Քիչ ավելի ուշ նա հայտարարել է, թե մտադիր է բողոքարկել քվեարկության արդյունքները:
Վերջին տարիներին Մոլդովայում իշխանության եկած եվրոպամետները մեկը մյուսի ետևից հայտնվում էին կոռուպցիոն սկանդալների կիզակետում: Այդ ամենի արդյունքում երկրում երեք տարվա ընթացքում 5 վարչապետ փոխվեց: Տևական բողոքի ցույցերից հետո՝ այս տարվա գարնանը, Սահմանադրական դատարանը գլխավոր օրենքին հակասող ճանաչեց նախագահին խորհդարանի կողմից ընտրելու դրույթը, և առաջին անգամ՝ 1996 թվականից ի վեր, Մոլդովայում նախագահի համաժողովրդական քվեարկություն նշանակվեց:
Դոդոնը քարոզարշավի առաջին իսկ օրից խոստանում էր չեղյալ համարել Եվրամիության հետ կնքված ասոցացման համաձայնագիրն ու մտնել Կրեմլի նախաձեռնած՝ Եվրասիական տնտեսական միություն: «Իմ առաջին պաշտոնական կանգառը Մոսկվան է լինելու»,- հաղթանակից հետո ասել է նա «Ռոսիա 24»-ի եթերում:
«Առաջին անգամ վերջին 7 տարվա ընթացքում Մոլդովայում պետականամետ ուժերը միավորվեցին և քվեարկեցին Ռուսաստանի հետ բարեկամության օգտին: Հուսով եմ՝ այս հաղթանակից հետո կսկսենք Ռուսաստանի հետ կարգավորել մեր երկկողմ հարաբերություններում առկա բարդ խնդիրները», - նաև ասել է Մոլդովայի նորընտիր նախագահը, նախազգուշացնելով՝ եթե խորհրդարանի եվրոպամետ ուժերը խոչընդոտեն, կցրի օրենսդիր մարմինը կամ սահմանադրական հանրաքվե կնախաձեռնի՝ իր լիազորություններն ընդարձակելու համար:
Պաշտոնական Կրեմլն արդեն ողջունել է ընտրությունների արդյունքը: «Դոդոնի ընտրությունը մեծացնում է ԵՏՄ-ին այդ երկրի մասնակցության շանսերը»՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարը: ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն էլ հույս է հայտնել, թե քվեարկությունից հետո Մոլդովայի բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ կակտիվանան: «Մենք պատրաստ ենք դրան»,- ընդգծել է Կարասինը:
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Կրեմլը ոչ միայն տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Մոլդովայի նկատմամբ, արգելափակելով գինիների ու սննդամթերքի ներմուծումն այդ երկրից, այլև խստացրեց դիրքորոշումը՝ Մերձդնեստրի հակամարտության կարգավորման հարցում:
«Այսօր արդեն Մոսկվան ստացավ նոր դաշնակիցներ Արևելյան Եվրոպայում, որը համարում է իր ետնամուտքը»,- գրել է The Wall Street Journal-ը, փաստելով, որ Բուլղարիայում էլ հաղթել է Ռումեն Ռադևը, ով դեմ է Ղրիմի հարցի հետ կապված Կրեմլի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին և խոստանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: