Մոգերինին վստահեցնում է՝ ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները չեն ազդի Կրեմլի հանդեպ Բրյուսելի դիրքորոշման վրա

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով, Եվրամիությունը չի փոփոխի Ռուսաստանի հանդեպ վարվող իր քաղաքականությունն անգամ այն պարագայում, եթե Դոնալդ Թրափի գլխավորած՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմը նոր մոտեցում որդեգրի այդ հարցում:

«Եվրամիությունը շատ սկզբունքային դիրքորոշում ունի Ղրիմի բռնակցման և Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված, որը փոփոխություն չի կրելու՝ անկախ այլոց վարած քաղաքականության մեջ հնարավոր փոփոխություններից»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուն:

Մոգերինին այս հայտարարությունն արել է ԵՄ արտգործնախարարների՝ Բրյուսելում կայացած հատուկ հանդիպումից հետո: Նախօրեին կայացած այդ հանդիպման նպատակը ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների քննարկումն էր: Նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը քանիցս հայտարարել է, որ մտադիր է մի շարք առանցքային հարցերում համագործակցել Ռուսաստանի հետ: