Հայաստանի նախագահ ՍերԺ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացման արարողությանը, որին մասնակցում են շուրջ 400 գիտակ՝ 23 երկրից: Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, միջոցառումը կազմակերպվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ և իրականացվում է «ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո»:
«Առաջնությանը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, մասնակցում են հանրահայտ գիտակներ Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Դրուզը, Ալեքսանդր Ռուբինը, Անդրեյ Կոզլովը և այլ հանրահայտ գիտակներ: Հայաստանի Հանրապետությունը առաջնությանը ներկայացված է հինգ թիմով: Աշխարհի առաջնություններ մինչ այժմ կազմակերպվել են Ռուսաստանում, Իսրայելում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում:
Նախքան միջոցառման մեկնարկը՝ Հանրապետության Նախագահը թեյի սեղանի շուրջ կարճատև հանդիպում է ունեցել առաջնությանը մասնակցող թիմերի ներկայացուցիչների հետ»- նշված է հաղորդագրությունում:
Մասնակիցներին ուղղված իր խոսքում Սարգսյանը, մասնավորապես, ասել է՝ «Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանում: Շատ ուրախ եմ, որ հենց մեր երկրում է անցնում 14-րդ աշխարհի առաջնությունը: Այս դահլիճում բազմաթիվ ծանոթ դեմքեր կան: Մենք նախկինում անձամբ հանդիպելու առիթ չենք ունեցել, բայց ձեզնից շատերին ես ճանաչում եմ, քանի որ հանդիսանում եմ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի վաղեմի երկրպագու:
Իմ փոքր ծննդավայրում՝ Ղարաբաղում, ինչպես և նախկին, բայց այն ժամանակ դեռ միասնական Խորհրդային Միության բազմաթիվ այլ շրջաններում, մենք շատ ուշադիր նայում էինք այդ զարմանալի հեռուստածրագիրը: Այդպես մենք ոչ միայն հետևում էինք ձեր գերող խաղին, այլ նաև իմանում էինք նոր հրատարակվող գրքերի մասին:
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղն այսօր Հայաստանում վայելում է նույն համբավը: Ես ձեզ շնորհակալ եմ նրա համար, որ դուք ձեր խաղով և ձեր օրինակով տարածում եք գիտելիք ու հետաքրքրություն մարդկության ձեռքբերումների նկատմամբ»: