Հայաստանի հավաքականը վերջին վայրկյաններին խփած գոլով հաղթանակ տարավ Չեռնոգորիայի դեմ խաղում

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 4-րդ տուրում ուրբաթ երեկոյան Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 3:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ E խմբի առաջատար Չեռնոգորիայի նկատմամբ:

Առաջին խաղակեսի 36-րդ և 38-րդ րոպեներին հյուրերը երկու անգամ գրավեցին Հայաստանի հավաքականի դարպասը: Երկրորդ խաղակեսում, սակայն, Հայաստանի հավաքականը տպավորիչ վերադարձ արձանագրեց. 50-րդ րոպեին Արտակ Գրիգորյանի գոլով մեր հավաքականը կրճատեց հաշվի տարբերությունը, Վարազդատ Հարոյանը 74-րդ րոպեին հավասարեցրեց այն, իսկ արդեն ավելացված ժամանակում, խաղի ավարտից վայրկյաններ առաջ Գևորգ Ղազարյանը մոտ 25 մետր հեռավորությունից խփեց հաղթական գնդակը:

Ընդ որում, սա ոչ միայն Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակն էր ընտրական մրցաշարում, այլ նաև հավաքականի նոր մարզչի` Արթուր Պետրոսյանի ղեկավարությամբ առաջին խաղն էր:

Պետրոսյանը, հիշեցնենք, խոստացել էր՝ «փոփոխությունն ուրբաթ օրը՝ ամսի 11-ին կտեսնեք»։ «Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաջողություն ունենալ», - նոյեմբերի 3-ի ասուլիսի ժամանակ ասել էր Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը։